Մատչելիության հղումներ

Զելենսկու օգտին գրանցված 75 տոկոս քվեն քաղաքական գործչին կամ Զելենսկու անձին տրված քվե չէ. ուկրաինացի քաղաքագետ


Զելենսկու օգտին գրանցված 75 տոկոս քվեն քաղաքական գործչին կամ Զելենսկու անձին տրված քվե չէ, այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ուկրաինացի քաղաքագետ Միխայլո Բասարաբը։

«Ազատություն». Հայտնի են արդյունքները՝ պարոն Զելենսկին ունի գրեթե 75 տոկոս, իսկ Պորոշենկոն՝ 25։ Այս թվերը, ըստ Ձեզ, ի՞նչ են նշանակում։

Միխայլո Բասարաբ. Սա սենսացիա չէ։ Սա ենթադրվող, կանխատեսվող և օրինաչափ արդյունք է։ Սա Պետրո Պորոշենկոյի իշխանության արդյունքն է։ Այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես Պորոշենկոյի թիմը փորձում է մեղավորներին գտնել իրենց թիմից դուրս։ Օրինակ, մեղադրանքներ են հնչում ընտրողների հասցեին, ովքեր լավ գլուխ չեն հանել ու չեն հասկացել, կամ այլ քաղաքական գործիչների հասցեին, ովքեր Պորոշենկոյին չեն աջակցել։ Բայց ինձ թվում է, որ սա ոչ ավելին է, քան տեխնոլոգիա: Բոլորը շատ լավ հասկանում են, որ Զելենսկու օգտին գրանցված 75 տոկոս քվեն քաղաքական գործչին կամ Զելենսկու անձին տրված քվե չէ: Հնարավոր է, որ նրա ընտրողների մեկ երրորդը կամ մեկ քառորդը քվեարկած լինեին հենց նրա օգտին՝ ցանկանալով Ուկրաինայի նախագահի պաշտոնում տեսնել միայն ու միայն նրան։ Բայց երեկ նրա օգտին քվեարկած անձանց բացարձակ մեծամասնությունը Պորոշենկոյին ընդդիմադիր ընտրողներ էին։ Այն մարդիկ էին, ովքեր ընտրատեղամաս են եկել, որպեսզի պարոն Պորոշենկոյի և նրա իշխանության նկատմամբ դատավճիռ կայացնեն։ Բայց այստեղ շատ կարևոր մի հանգամանք պետք է հաշվի առնել. ռուսամետ ռևանշի ուժերի որոշ ներկայացուցիչներ այժմ փորձեր են անում ներկայացնել Զելենսկու արդյունքը, որպես ոչ թե անձամբ Պորոշենկոյի նկատմամբ դատավճիռ, այլ որպես դատավճիռ այն օրակարգին, որով Պորոշենկոն մասնակցում էր ընտրարշավին, այն է՝ ազգային պետության հաստատում, ռուսաստանյան ագրեսորին դիմակայելը, ուկրաիներենի հաստատումը, Ուկրաինայի՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման վեկտորը։ Ռևանշիստական ուժերի այս ներկայացուցիչները պնդում են, որ դա ուկրաինացիների՝ այս օրակարգի հանդեպ դատավճիռն է։ Բայց իրականում դա այդպես չէ։ Երեկ մենք տեսանք անձամբ Պորոշենկոյի նկատմամբ դատավճիռը, և շատ դեպքերում դա Պորոշենկոյի նկատմամբ դատավճիռ էր հենց այն բանի համար, որ նա հռչակում էր մի, բայց անում այլ բան։

«Ազատություն». Առաջին հերթին հակակոռուպցիոն քաղաքականությո՞ւնը նկատի ունեք։

Բասարաբ. Ոչ միայն հակակոռուպցիոն քաղաքականությունը։ Հասկանալի է, որ կոռուպցիոն սկանդալները շատ ուժեղ հարված են հասցրել պարոն Պորոշենկոյի հեղինակությանը, սակայն դա միակ պատճառը չէր նրա իրական գործողությունների բացասական ընկալման համար։ Իսկ նրա գործողությունները ոչ միշտ են համընկել նրա հայտարարությունների հետ։ Դա նաև վերաբերում է հակառուսական հռետորաբանությանը, պետականամետ գործչի հռետորաբանությանը։ Այն ճիշտ է եղել, բայց ընտրողներից շատերը փաստարկված նախադրյալներ և պատճառներ են ունեցել՝ կասկածելու Պետրո Պորոշենկոյի այս հակառուսական և պետականամետ դիրքորոշման անկեղծությանը։ Որովհետև, օրինակ, մինչ Պորոշենկոն ասում էր, որ Ռուսաստանը ագրեսոր է, որ մենք պետք է մոբիլիզացնենք մեր բոլոր հնարավորությունները և ուժերը, որպեսզի հետ մղենք այս ագրեսիան, արևմտյան գործընկերներին հորդորում էր ավելի ու ավելի շատ պատժամիջոցներ մտցնել, նա միևնույն ժամանակ շատ ակտիվորեն համագործակցել է պարոն Մեդվեդչուկի հետ, ով չի թաքցրել և չի թաքցնում պարոն Պուտինի հետ իր մտերիմ հարաբերությունները։ Եվ այս հակասությունները, երբ Պորոշենկոն ասում էր մի բան, իսկ անում մեկ այլ բան, դա հանգեցրեց նրան, որ ուկրաինացիներից շատերը սկսեցին կասկածել Պորոշենկոյի անկեղծությունը:

«Ազատություն». Առաջիկայում Ուկրաինայում խորհրդարանական ընտրություններ են սպասվում։ Արդյո՞ք Զելենսկու թիմը կկարողանա հաղթել այս ընտրություններում, թե՞ Զելենսկին կմնա միայնակ մի խորհրդարանի դեմ, որտեղ նա ազդեցություն չի ունենա։

Բասարաբ. Այժմ շատ վաղ է խոսել, որովհետև այս 75 տոկոսը Պորոշենկոյի դեմ քվեարկություն էր մի կողմից։ Իսկ մյուս կողմից քվեարկություն էր հանուն ինչ-որ կերպարի, որ ամեն մի ընտրող անձամբ ձևավորում է իր համար։ Զելենսկին շատ քիչ էր խոսում իր ծրագրի, իր, որպես նախագահի, իրական անելիքների մասին։ Այնտեղ շատ ամբոխահաճո հռետորաբանություն կար։ Այդ պատճառով, Զելենսկու ընտրազանգվածը, երբ նա հաղթեց Ուկրաինայի գրեթե բոլոր մարզերում, միայն հաստատում է այն կարծիքը, որ նրա ընտրազանգածի կառուցվածքի մեջ կային շատ տարբեր խմբեր, որ հակադիր ցանկություններ և երազանքներ ունեին։ Ուստի, երբ Զելենսկին սկսի գործել, նա անշուշտ կկորցնի երեկվա քվեարկողների մեծ մասին, որովհետև նա միևնույն ժամանակ չի կարողանա բավարարել բոլոր նրանց, ովքեր երեկ քվեարկել են նրա օգտին։ Սա մի տեսակ ծուղակ է Զելենսկու համար. նա բոլորին խոստացել է ամեն ինչ, ցանկացել է ուկրաինացիների բացարձակ մեծամասնությանը դուր գալ, բայց նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում նա իր գործողություններով, իհարկե, կկոտրի իր ընտրազանգվածի տարբեր խմբերի ինչ-որ հույսեր և երազանքներ։

«Ազատություն». Միխաիլ, արդյո՞ք Դուք ակնկալում եք որևէ փոփոխություններ Ուկրաինայի արտաքին քաղաքականության մեջ։

Բասարաբ. Մենք ունենք նախադրյալներ կանխատեսելու, որ Զելենսկին կարող է լինել թույլ նախագահ, ով չի կարողանա հարված պահել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հարաբերություններում։

«Ազատություն». Երբ նա ասում է, որ պետք է լուծել պատերազմի խնդիրը, ի՞նչ նկատի ունի։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ եղանակով է մտածում լուծել այս խնդիրը։

Բասարաբ. Մեզ համար այժմ շատ դժվար է խոսել այս առումով նախագահ Զելենսկու իրական գործողությունների մասին, քանզի մենք շատ տարբեր բովանդակությամբ հայտարարություններ ենք լսել։ Իր քաղաքական դիրքավորման նախնական շրջանում Զելենսկին հանդես է եկել բազմաթիվ հայտարարություններով, որոնք Կրեմլում հաստատ կհավանեն. երբ նա խոսում էր, որ պատրաստ է գնալ ու պայմանավորվել, ինչ-որ զիջումների գնալ միայն թե պատերազմ չլինի և այլն։ Բայց ընտրարշավի վերջին շաբաթներին ու երեկ մենք բոլորովին այլ հայտարարություններ ենք լսել։ Ինձ թվում է, որ նրա թիմը շատ լավ աշխատեց, որ ընտրողը հիմքեր չունենա կասկածելու, որ նա կգնա կապիտուլացիայի ճանապարհով։ Ուստի ընտրարշավի վերջին շաբաթներին նրա հայտարարությունները քիչ թե շատ նորմալ էին և սկզբունքորեն նման էին Պորոշենկոյի վարած գծի շարունակությանը։ Թե ինչ կլինի իրականում, մենք կտեսնենք։ Իսկ այժմ կարող ենք միայն ենթադրություններ անել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG