Մատչելիության հղումներ

Վրաստանի իրավապահները հետաքննում են Պանկիսիի կիրճում տեղի ունեցած բախումները


Վրաստան - Բախումները Պանկիսիի կիրճում, 21-ը ապրիլի, 2019թ․
Վրաստան - Բախումները Պանկիսիի կիրճում, 21-ը ապրիլի, 2019թ․

Վրաստանի իրավապահները հետաքննում են նախօրեին Պանկիսիի կիրճում ոստիկանների վրա հարձակման միջադեպը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` կիրակի օրը Պանկիսիի բնակիչները բախումներ են հրահրել տեղում աշխատող ոստիկանների հետ, քարերով հարձակվել նրանց վրա: Ոստիկանական ուժեր էին տարվել Պանկիսիի կիրճ` տեղում փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքների վերսկսման կապակցությամբ անվտանգությունն ապահովելու նպատակով, նաև ասվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդագրությունում: Բախումների հետևանքով 55 մարդ վնասվածքներ է ստացել՝ այդ թվում 38 ոստիկան և 17 տեղի բնակիչ: Ոստիկանների մի մասը դեռևս գտնվում են հիվանդանոցում:

Պանկիսիի կիրճի բնակիչները դեմ են հիդրոէլեկտրակայանի կառուցմանը: Բախումներից հետո իշխանությունները համաձայնել են ժամանակավորապես դադարեցնել շինարարությունը:

Պանկիսիի կիրճը, որտեղ բնակվում են մեծամասամբ էթնիկ չեչեններ, գտնվում է ռուս - վրացական սահմանին և հայտնի է դարձել 1990-ականներին, երբ Չեչնիայի պատերազմների ժամանակ դարձել էր չեչեն զինյալների թաքստոց:

Իսկ վերջին տարիներին՝ 2012-2014 թվականներին, տարբեր գնահատականներով, Պանկիսիի կիրճի 50-ից մինչև 200 բնակիչներ մեկնել են Սիրիա և միացել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը: ԻՊ հրամանատարներից էր Պանկիսիի կիրճի բնակիչ, ազգությամբ չեչեն Թարխան Բատիրաշվիլին, ով հայտնի էր Աբու Ումար աշ-Շիշանի (Չեչենսկի), Օմար ալ-Շիշանի մականուններով և ընդգրկված էր ԱՄՆ հատուկ ծառայությունների կազմած՝ առավել վտանգավոր միջազգային ահաբեկիչների ցանկում: Բատիրաշվիլին սպանվել է 2016 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG