Օրերս Ազգային ժողովում տեղի ունեցավ բիզնեսի և քաղաքականության շահերի բախում՝ բիզնեսի և քաղաքականության միաձուլում, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն՝ ընդգծելով՝ դրա համար էին ժամանակին պնդում, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատվեն։
ԼՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ մի ամբողջ խմբակցություն Ազգային ժողովում լծվել էր մի անձի բիզնես շահերի պաշտպանությանը։ Թանդիլյանը սա անթույլատրելի է համարում։
«Մենք հենց կանխատեսում էինք այն, ինչ տեղի ունեցավ այս օրերին Ազգային ժողովում, այսինքն՝ բիզնեսի և քաղաքականության շահերի բախում։ Ակնհայտորեն այստեղ ներկայացված է խմբակցություն հանձինս Գագիկ Ծառուկյանի, անձամբ իրեն որպես պատգամավոր, ով իր գործարանի շահերը պաշտպանում էր Ազգային ժողովում։ Սա այն է, ինչ կոչվում է բիզնեսի և քաղաքականության միաձուլում, որի մասին մենք խոսում էինք և ասում էինք, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատվեն, այլապես մենք կունենանք այն շահերի բախումն, ինչի ականատեսը եղանք», - ասաց Թանդիլյանը։
ԼՀԿ-ական պատգամավորն ընդգծեց՝ նույնիսկ կոչ են արել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը չմասնակցել նախագծի քննարկմանը, հայտարարել շահերի բախման մասին։
«Ընդհանրապես պետք էր որևէ կերպ կարծիք չարտահայտեին, չխոսեին այդ մասին, որովհետև ակնհայտորեն առնվազն երկու հոգի՝ Գագիկ Ծառուկյանը և Նորա Առուստամյանը շահերի բախում ունեն՝ նրա հայրը տվյալ գործարանի ղեկավարն է, և Գագիկ Ծառուկյանն էլ հանդիսանում է սեփականատեր։ Եվ այստեղ է, որ նրանք ոչ միայն դա չարեցին, այլև մի ամբողջ խմբակցություն լծվել էր մի անձի բիզնես շահերի պաշտպանությանը։ Սա անթույլատրելի է, և նաև ամենավատն այն էր, որ երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները խոսում էին, ինչ-որ մի պահի ակնհայտ էր դառնում, որ Գագիկ Ծառուկյանի խմբակցությունը խոսում է շանտաժի լեզվով, առ այն, որ «եթե դուք կլինկերը չեք մտցնում պետական տուրքի բարձրացման այդ շրջանակներ, ուրեմն մեզ ընդհանրապես սա պետք չի», այսինքն՝ մենք օրենք էինք ընդունում հատկապես այս խմբակցությա՞ն համար, և «Իմ քայլ»-ի պատգամավորներն էլ ասում էին՝ «դե, եթե դուք չեք ուզում, էդ դեպքում մենք էլ դեմ քվեարկենք», սա ի՞նչ դիսկուրս էր, ի՞նչ բանավեճ էր, ինձ համար անթույլատրելի է, որովհետև՝ այո՛, բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատվի։ Ի՞նչ է, այնտեղ որ ներկայացված չեն այլ բիզնեսի ներկայացուցիչներ, նրանց շահերը, փաստորեն, այլևս ներկայացնող չկա՞, և այս առումով, ես կարծում եմ, որ այն վտանգը, ինչի մասին մենք խոսում ենք, այս օրերին հենց ականատես եղանք Ազգային ժողովում», - ասաց Թանդիլյանը։
Խորհրդարանն ուրբաթ օրը հաստատեց Իրանից ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու նախագիծը: Մեկ տոննա ցեմենտի դիմաց ներմուծողը կվճարի 22 հազար դրամ տուրք:
Ըստ կառավարության՝ այսպիսով պաշտպանում են տեղական արտադրողի շահերը, քանի որ Իրանից ներկրվող ցեմենտը մի քանի անգամ էժան է տեղական արտադրանքից:
Այս նախագիծը բուռն քննարկեցին հատկապես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: ԲՀԿ-ականները կողմնակից են տուրք սահմանելուն, բայց պահանջում են տուրք սահմանել նաև Իրանից ներկրվող կլինկերի վրա: Կլինկերը ցեմենտի պատրաստման համար օգտագործվող թրծված խառնուրդ է, որի ինքնարժեքը ցեմենտից շատ ավելի ցածր է՝ մեկ տոննայի արժեքը 9-13 դոլար է: Որոշ հավելումներով այն լիարժեք ցեմենտ է դառնում։
Ցեմենտի հումք արտադրում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանքին պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանը: Ըստ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ եթե հումքի վրա տուրք չեն սահմանում, ապա ցեմենտի տուրքն արդյունք չի ունենա:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․