Մատչելիության հղումներ

«Այլևս չենք հանդուրժի, որ Ամերիկան մեզ խրատներ տա». Լավրով


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվան «Ռուսաստան-ՆԱՏՕ» խորհրդի նիստերին հետայսու կմասնակցի միայն զինվորականների մակարդակով:

Լավրովի փոխանցմամբ, «ամերիկացիները սովորություն են դարձրել այդ հարթակում մեզ քննադատել և Ուկրաինայի թեմայով դասախոսություն կարդալ»:

«Մենք դա չենք հանդուրժի», - ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը «Զվեզդա» հեռուստակայանին երեկ տված հարցազրույցում:

Նա ասել է, որ Ռուսաստանը բնականոն երկխոսություն է վարում եվրոպական յուրաքանչյուր պետության հետ, սակայն ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը դժվար է իրականացվում:

«Ռուսաստանն այլևս նման միջոցառումներին մասնակցելու ցանկություն չունի, եթե Վաշինգտոնը մտադիր է լուրջ խոսակցություն վարել, պետք է գումարել «Ռուսաստան-ՆԱՏՕ» խորհուրդը՝ զինվորականների մակարդակով», - ասել է Լավրովը:

Նա հարցազրույցում անդրադարձել է նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Քերթիս Սքափարոթիի հայտարարությանը:

Անցած ամսվա ընթացքում Սքափարոթին հաղորդել է, որ առաջիկայում ազատելու է պաշտոնը: Գլխավոր հրամանատար է նշանակվելու ամերիկացի մեկ ուրիշ գեներալ՝ Թեդ Ուոլթերզը:

Սքափարոթին ասել է, որ Արևմուտքի երկրներն այսօր չեն հասկանում ռուսներին:

«Հիմա Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերություններն ավելի լարված են, քան «սառը պատերազմի» տարիներին», - ասել է գեներալը՝ նշելով, որ չափազանց կարևոր է երկխոսություն պահպանել:

«Լավ է ուշ, քան երբեք, տա Աստված, որ Սքափարոթիին փոխարինողը հասկանա այդ խորհուրդը և օգտվի դրանից», - ասել է Լավրովը:

Մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 15-ին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է ռազմական և քաղաքացիական ուղղություններով ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամբողջությամբ դադարեցնելու մասին:

Փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն ասել է, որ ՆԱՏՕ-ն է մերժում նորմալ շփումները:

«ՆԱՏՕ-ն չափն անցել է Ռուսաստանի հետ առճակատումը սրելու հարցում, և դեռ հայտնի չէ, թե երբ կվերադառնա խոհեմ դիրքորոշման», - ասել է փոխարտգործնախարար Գրուշկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG