Մատչելիության հղումներ

ԱՊՀ ՄԽՎ-ն արդյունավետ հարթակ է անդամ երկրների խորհրդարանների համագործակցության զարգացման համար. Միրզոյան


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ 49-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին:

Ըստ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության հաղորդագրության՝ լիագումար նիստի ավարտին Միրզոյանը մասնակցել է անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների ասուլիսին:

Լրագրողի հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջին անգամ է մասնակցում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին և կարող է վստահորեն համոզմունք հայտնել, որ գոհ է նիստի աշխատանքներից: Ըստ խորհրդարանի ղեկավարի` ԱՊՀ ՄԽՎ-ն շատ արդյունավետ հարթակ է անդամ երկրների խորհրդարանների միջև համագործակցության զարգացման համար, մի հարթակ, որտեղ կարելի է քննարկել և որոշումներ կայացնել քաղաքական, հումանիտար, տնտեսական և այլ հարցերի շուրջ:

ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ հայ պատգամավորներն ակտիվ մասնակցություն են ունենում ԱՊՀ ՄԽՎ աշխատանքներին և իրենց ներդրումն են բերում կառույցի զարգացմանը, մասնավորապես, մոդելային օրենսդրության մշակման գործընթացին:

Արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցին ի պատասխան Միրզոյանը նշել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկվել են մեծաթիվ միջազգային հեղինակավոր դիտորդական առաքելությունների կողմից և գնահատվել լիակատար ազատ, արդար և թափանցիկ:

Ըստ օրենսդիր մարմնի ղեկավարի` միջազգային դիտորդական առաքելությունների թվում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խումբը կատարել է շատ գնահատելի ու կարևոր աշխատանք: Արարատ Միրզոյանի խոսքով` անդամ պետություններն իրենց ուշադրության կենտրոնում պետք է պահեն գործընկեր պետություններում տեղի ունեցող ընտրական գործընթացները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG