Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի երկուշաբթի


Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի երկուշաբթի։ Պաշտպանական կողմը 10 միլիոն գրավի դիմաց Գրիգորյանին ազատ արձակելու միջնորդությունը ներկայացրել էր դեռ ապրիլի 15-ին։

«Ազատության» դիտարկմանը, որ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունները բազմաթիվ են եղել և հիմնականում մերժվել են, ու հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն այս անգամ, Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը արձագանքեց. - «Որևիցե ակնկալիք Մարինե Մելքոնյան դատավորից չունեմ, երբևիցե չեմ ունեցել։ Երբ որ խոսքը կախված կլինի ազատամարտիկի հետ, զինվորի հետ, գիտեմ, որ ոչ բարենպաստ դատական ակտը ապահովված է։ Ինչ-ոչ նոր բան չենք սպասում իրանից»։

Մի շարք ծանր հոդվածներով մեղադրվող նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը նախորդ ամսվանից գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում։

Փաստաբան Մկրտչյանն ասաց, որ նրա առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ. - «Պարոն Գրիգորյանի առողջական վիճակը շատ ծանր է: Երբ խոսում ենք պարոն Գրիգորյանի առողջության մասին, մենք խոսում ենք կյանքի հետ անհամատեղելի հիվանդություններով հիվանդ մարդու մասին։ Այսինքն, երբ որ առողջությունը չի վատթարանում և մնում է կայուն վիճակի, դա բժիշկները գնահատում են որպես հաջողություն, այսինքն՝ ստաբիլ կայուն վիճակը պահելը։ Շնորհիվ Մարինե Մելքոնյանի, որը կալանքը տվող դատավորն էր, և կալանքի ժամանակ ներկայացված էր բժշկական փաստաթղթերը, դեռևս 2018 թվականի հունիսի 19-ին ունեցել է ձեռքի տակ փաստաթղթեր, որ ունի շաքարային դիաբետ, ունի քաղցկեղ, ունի հեռացված թոք, և այն ժամանակ շաքարը 7 էր, և չէր ստանում ընդհանրապես ինսուլին, կալանքի հետևանքով, նրա պատճառով, որ Մանվել Գրիգորյանը նույն դատավորի որոշումով, որը հաշվի չառավ էդ հիվանդությունները, հայտնվեց կալանքի տակ, և 10 ամիս հետո, էսօր ուղիղ 10-րդ ամիսն է, որ Մանվել Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդումը սկսվել է, և ընտրվել է խափանման միջոց կալանքը, այսօր ունենք պատկեր՝ 110 միավոր ինսուլին և շաքարային ցուցանիշ լավագույն դեպքում»։

Ըստ Դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքէջի, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործը կքննի Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Դատական նիստի օրը դեռևս նշանակված չէ։ Մարտիրոսյանը հանրությանը հայտնի է որպես նախկին իշխանության օրոք ընդդիմադիր գործիչներին ազատազրկած դատավոր։

6-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Մանվել Գրիգորյանը կալանավորված է, իսկ Նազիկ Ամիրյանի նկատմամբ ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG