Մատչելիության հղումներ

Լոռու հանրապետական համայնքապետերը Քաղաքացու օրը շուքով կնշեն


.
.

«Եթե մենք հայաստանցի ենք, ուրեմն մեզ համար պարտված, կրած չկա: Մենք ծառայում ենք մեր ժողովրդին», - «Ազատության» հետ զրույցում ասում է Գլուլագարակ համայնքի հանրապետական ղեկավար Մհեր Գևորգյանը:

Վանաձորի փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանն ասում է, որ Քաղաքացու օրը շատ բովանդակալից և ուրախ կանցկացվի Լոռու մարզկենտրոնում։ Դեռևս չեն հաշվարկել, թե որքան կարժենան վանաձորյան տոնակատարությունները։ Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից ավագանու անդամ ընտրված Փելեշյանը, ով Հանրապետական կուսակցության հետ 2017-ին կնքված հուշագրի համաձայն դարձավ քաղաքապետի տեղակալ, նշում է, որ Քաղաքացու տոնն ընդունում է և այն իր համար մեծ նշանակություն ունի:

Լոռու մարզի Գլուլագարակ համայնքի հանրապետական ղեկավար Մհեր Գևորգյանը ևս «Ազատությանն» ասաց, որ Քաղաքացու օրը կնշի ըստ պատշաճի։ Այն համարում է բոլորի տոնն ու խորհուրդ է տալիս տարբերություն չդնել նախկին ու գործող իշխանության ներկայացուցիչների միջև՝ որպես քաղաքացի․ - «Եթե մենք հայաստանցի ենք, ուրեմն մեզ համար պարտված, կրած չկա: Մենք ծառայում ենք մեր ժողովրդին: Էն կուսակցության մեջ էլ շատ լավ մարդիկ կային, էս կուսակցության մեջ էլ շատ լավ մարդիկ կան: Լավերը միանան իրար, գեշերին հանեն, էս երկիրը փրկեն»:

2017 թվականին Ալավերդի համայնքի ղեկավար ընտրված հանրապետական Սասուն Խեչումյանն ասում է, որ իր համար մեծ պատիվ է քաղաքացի լինելն ու սա համարում է նաև իր տոնը․ - «Ես դա համարում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տոնը: Իսկ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, որի համար շատ ուրախ եմ»:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասաց, որ ապրիլի 27-ին մեծամասշտաբ համերգներ, ցուցահանդեսներ, հանրային քննարկումներ, ծառատունկ ու հրավառություն տեղի կունենա մարզկենտրոնում։ Մարզպետը հանձնարարականներ է տվել համայնքների ղեկավարներին ամեն ինչ անել տոնը ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական բովանդակությամբ նշելու համար, թեև չի հերքում, որ այն կապ ունի Սերժ Սարգսյանի՝ մեկ տարի առաջ տեղի ունեցած հրաժարականի հետ։

«Ես համարում եմ, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը հաղթեց Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Եվ այն մարդիկ, որոնք իրենց համարում են լիարժեք Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ անկախ քաղաքական և այլ պատկանելությունից, պետք է այդ օրը համարեն իրենց: Իսկ այն մարդիկ, որոնք, գուցե քաղաքական գործիչներ կան կամ այլ կուսակցությունների անդամներ, որ չեն համարում, որ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, կարող են չմասնակցել: Դա իրենց ընտրության հարցն է», - ասաց մարզպետը:

Հարցին, թե արդյոք համարում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականով քաղաքացու հաղթանակը ինչ-որ մասի համար պարտություն էր, մարզպետն արձագանքեց․ - «Քաղաքական ուժի՝ այո, բայց ոչ քաղաքացիների»:

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին շաբաթը քաղաքացու օր հռչակելու մասին օրինագծին տասն օր առաջ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանը» կողմ, իսկ «Լուսավոր Հայաստանի» անդամները՝ դեմ և ձեռնպահ են քվեարկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG