Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում էին Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի համանախագահ Դեյվիդ Փրայսը, ԺԳՀ համանախագահ կոնգրեսական Վերն Բուքանանը, ԺԳՀ անդամ կոնգրեսականներ Դինա Թայթուսը, Մայքլ Քոնավեյը, Ջերի Քոնոլին, Ադրիան Սմիթը, Բարբարա Լին և Թերրի Սյուելը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը գտնվում է արմատական կարևոր բարեփոխումների շրջանում և հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ուղիով: Վարչապետն անդրադարձել է մեկ տարի առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, ապա դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ անկախացումից ի վեր Հայաստանում տեղի են ունեցել առաջին ազատ, ժողովրդավարական և թափանցիկ ընտրությունները, որոնք այդպիսին են որակվել նաև միջազգային դիտորդական առաքելությունների կողմից: Փաշինյանի խոսքով՝ որպես հաջորդ քայլ Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում ժողովրդավարությունն ինստիտուցիոնալ և տնտեսապես հզորացնելու ուղղությամբ և այդ գործընթացում ակնկալում է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ աջակցությունը:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի՝ Դեյվիդ Փրայսը նշել է, որ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախումբը պատրաստ է փորձի փոխանակման և խորհրդատվության միջոցով զարգացնել պառլամենտարիզմի մշակույթը, նպաստել հայ-ամերիկյան կապերի և միջխորհրդարանական համագործակցության սերտացմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԱՄՆ կոնգրեսականների մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին տնտեսական բարեփոխումների իրականացմանը, տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին, թավշյա հեղափոխության և հետագա բարեփոխումների մեջ երիտասարդների ներգրավվածությանը, քաղաքական կյանքում և կառավարման ոլորտում կանանց դերի բարձրացմանը, խորհրդարանական կառավարման համակարգի գործունեությանը և այլն:

Վարչապետն ընդգծել է՝ Հայաստանի, հայ հասարակության համար ժողովրդավարությունը ներքին համոզմունք է և հավատամք, այլ ոչ թե աշխարհաքաղաքական կամ արտաքին քաղաքական կողմնորոշում: Ինչ վերաբերում է հեղափոխությունից հետո տնտեսության զարգացման միտումներին, կառավարության ղեկավարը ներկայացրել է արձանագրված աճի ցուցանիշները և նշել, որ իրականացվել և իրականացվում են մենաշնորհների վերացմանը, ստվերի կրճատմանը, աշխատատեղերի ստեղծմանը միտված հետևողական քայլեր:

ԱՄՆ կոնգրեսականները պատրաստակամություն են հայտնել՝ իրենց աջակցությունը բերելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսական բարեփոխումների իրականացմանը և հայ-ամերիկյան բարեկամության հետագա խորացմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG