Մատչելիության հղումներ

Կոլոմոյսկի. «Ես ուզում եմ, որ Զելենսկին Ուկրաինայի նախագահ ընտրվի»


Իգոր Կոլոմոյսկի, արխիվ
Իգոր Կոլոմոյսկի, արխիվ

Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից երեք օր առաջ, Պետրո Պոշոշնեկոյի և Վլադիմիր Զելենսկու միջև վաղը Կիևի խոշորագույն «Օլիմպիյսկի» մարզադաշտում նախատեսված բանավեճի անցկացումը կրկին կասկածի տակ է: Ընտրարշավի առաջատարը համարվող կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկու շտաբը երեկ ուշ երեկոյան դադարեցրել է տոմսերի անվճար տրամադրումը հատուկ այդ նպատակով ստեղծված կայքի միջոցով: Ինքը ընտրարշավի առաջատարը "РБК Украина"-ին տված հարցազրույցում նշել է, որ վստահ չէ, թե իր և Պորոշենկոյի բանավեճը ընդհանրապես կկայանա:

Այդ նույն հարցազրույցում Զելենսկին խոսել է մի շարք թեմաների մասին ևս: Լրագրողներին մասնավորաբար խիստ հետաքրքիր էր Զելենսկու վերաբերմունքը Ռուսաստանին, հատկապես այն պնդումների ֆոնին, թե նա ռուսամետ է, ռուսախոս, և նրա ընտազանգվածի մի զգալի մասը գտնվում է ռուսաստանյան հեռուստաալիքների քարոզչության ազդեցության ներքո:

Ռուսաստանի նախագահին Զելենսկին թշնամի է համարում, դեմ է զենքը ձեռքին կռված ուկրաինական բանակին դիմակայող անջատականների համաներմանը, ինչպես նաև Դոնբասին հատուկ կարգավիճակ տրամադրելուն:

"РБК Украина"-ի թղթակիցները ավելի քան մեկ ժամ շարունակված հարցազրույցի ընթացքում փորձում էին պարզել, թե ինչ կապեր ունի Ուկրաինայի նախագահի պաշտոնին հավակնող Վլադիմիր Զելենսկին երկրի ամենահարուստ օլիգարխներից մեկի` վերջին տարիներին քրեական մի շարք հետաքննությունների թիրախում հայտնված և Ժնևում բնակվող Իգոր Կոլոմոյսկու հետ: "РБК Украина"-ի լրագրողները պնդում էին, որ վերջին տարիներին Զելենսկին 13 անգամ մեկնել է Ժնև կամ Թել Ավիվ այն ժամանակահատվածում, երբ այդ երկու քաղաքներից մեկում է գտնվել նաև Կոլոմոյսկին:

«Տեսեք, ես ոչինչ չգիտեմ այդ 13 չվերթների մասին, տղաներ, ազնվորեն: Եթե դուք վիճակագրություն ունեք, ես կվստահեմ ձեզ: Բայց դուք ուրիշ մի հարցի պատասխանեք` ե՞րբ եմ ես մեկնել Ժնև և Իսրայել, իմ քաղաքական գործունեությա՞ն ընթացքում: Կարծում եմ, որ ոչ: Գուցե ինչ-որ համերգներ են եղել, այո, նաև անձամբ Կոլոմոյսկու համար: Բայց ես նրա հետ շփվում եմ բացառապես բիզնեսին վերաբերող հարցերով», - պնդում էր Զելենսկին:

Ինքը Իգոր Կոլոմոյսկին չի հերքում, որ մինչ օրս շփվում է Վլադիմիր Զելենսկու հետ: Օլիգարխի պնդմամբ, սակայն, շփումները ոչ թե գործարար բնույթ ունեն, այլ զուտ մարդկային և ընկերական: «Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք երկու անգամ զրուցել ենք հեռախոսով», - «Ազատության» ուկրաինական ծառայության թղթակիցների հետ զրույցում նշել է Իգոր Կոլոմոյսկին:

«Ամիսը մեկ-երկու անգամ զանգահարում եմ, հարցնում եմ՝ ինչպես են գործերը, ինչպես է ինքնազգացողությունը, ընտանիքը: Իհարկե, ես հուզվում եմ նրա համար, ծիծաղելի կլիներ, եթե չհուզվեի: Ես ցանկանում եմ, որ նա նախագահ դառնա», - նշում էր Կոլոմոյսկին` պնդելով, սակայն, որ նախընտրական արշավի ընթացքում Զելենսկին իրենից խորհուրդներ չի հարցնում:

«Ազատության» ուկրաինական ծառայությանը, այդուհանդերձ, հաջողվել է պարզել, որ Կոլոմոյսկու մերձավոր շրջապատի մի շարք ներկայացուցիչներ` այդ թվում օլիգարխի փաստաբանն ու թիկնապահները, այսօր Զելենսկու կողքին են: Դա, սակայն, ըստ Կոլոմոյսկու, չի նշանակում, թե Վլադիմիր Զելենսկու հաղթանակի դեպքում ինքը դառնալու է Ուկրաինայի ստվերային կառավարիչը:

«Ես երկրի ստվերային ղեկավարը և գորշ կարդինալը չեմ լինի: Նախագահի աշխատակազմն էլ ոչ Իսրայել կտեղափոխվի և ոչ էլ Ժնև», - հայտարարում էր Կոլոմոյսկին՝ հատուկ ընդգծելով, որ Զելենսկու հաղթանակի դեպքում ինքը վերադառնալու է Ուկրաինա:

Չնայած Զելենսկու անվան շուրջ պարբերաբար ծագող այս սկանդալներին՝ նրա վարկանիշը չի տուժում: Կիևում գործող «Ռեյտինգ» հետազոտական կենտրոնի այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ ընտրության հարցում կողմնորոշված Ուկրաինայի քաղաքացիների 73 տոկոսը առաջիկա կիրակի քվեարկելու է Վլադիմիր Զելենսկու, իսկ 27 տոկոսը՝ Պետրո Պորոշենկոյի օգտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG