Մատչելիության հղումներ

Նազարբաևը կունենա նոր տիտղոս՝ ԵԱՏՄ պատվավոր նախագահ. «Կոմերսանտ»


Նուրսուլթան Նազարբաև, արխիվ
Նուրսուլթան Նազարբաև, արխիվ

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին ամենայն հավանականությամբ կունենա նոր տիտղոս՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պատվավոր նախագահ, վկայակոչելով իր աղբյուրները՝ գրել է «Կոմերսանտ»-ը։

Հարցը քննարկվելու է ապրիլի 29-ին և 30-ին Երևանում՝ Եվրասիական միության անդամ երկրների վարչապետների հավաքին, իսկ տիտղոսը Նուրսուլթան Նազարբաևը կստանա մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում, որտեղ տեղի է ունենալու Եվրասիական միության հոբելյանական գագաթնաժողովը։

Մայիսին լրանում է հետխորհրդային այս միության ստեղծման 5-րդ տարին։

Թե ում նախաձեռնությունն է՝ Նազարբաևին շնորհել այս տիտղոսը, «Կոմերսանտ»-ը չի գրում։ Թերթը նշում է միայն, որ Եվրասիական միության գաղափարը Նազարբաևինն է. նա է առաջին անգամ դեռևս 1994 թվականին Մոսկվայի Միջազգային հարաբերությունների համալսարանում խոսել այս մասին, նշելով՝ խոսքը Խորհրդային Միության վերակենդանացման մասին չէ։

Թե ինչ լիազորություններ է ունենալու Նազարբաևը որպես պատվավոր նախագահ, հայտնի չէ, նման պաշտոն այսօր գոյություն չունի։ Այն ստեղծում են հատուկ Նազարբաևի համար։

Հիշեցնենք՝ Ղազախստանը շուրջ երեք տասնամյակ ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը մարտին հայտարարեց նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին։ 78-ամյա Նազարբաևը քաղաքականությունից սակայն չի հեռացել, նա այսօր ղեկավարում է այդ երկրի Անվտանգության խորհուրդը և պահպանում է իր ազդեցությունը երկրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG