Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Կառավարման համակարգի փոփոխությունները պետք է արվեն հավասարակշռված


Ինչո՞ւ չեք կատարում Ձեր խոստումը, - «Լուսավոր Հայաստանից» հարցրին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մեջբերելով հենց իրեն՝ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը պետք է փոխեն կարգավիճակը, դառնան նախարարություններ։

Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց, որ այդ հայտարարությունն անելիս ժամկետներ չի նշել, կառավարման համակարգի փոփոխությունները պետք է արվեն հավասարակշռված, որ խառնաշփոթ չլինի․ - «Ես չեմ կարծում, թե մենք տարին մեկ պետք է կարգավիճակներ փոխենք պետական կառավարման մարմինների։ Ես ասում եմ՝ ինչ խնդիրներ մենք տեսել ենք նախկինում, մենք այս խնդիրները այսօր էլ ենք տեսնում, և այս գործունեության որոշակի փուլ ամփոփելուց հետո մենք կքննարկենք նաև այդ տարբերակը։ Ասեմ նաև, որ մենք քննարկել ենք նաև, որ հնարավոր է որոշակի փուլային ինչ-որ լուծումների գնանք և, մասնավորապես, այն, որ Ոստիկանության Ազգային ժողովի առաջ հաշվետվողականության մակարդակը բարձրացնենք, մտածենք Ազգային անվտանգության ծառայությունը ինչպես է և արդյո՞ք պետք է հաշվետու լինի Ազգային ժողովի առաջ», - նշեց Փաշինյանը։

«Լուսավոր Հայաստանից» Արման Բաբաջանյանին հետաքրքրում էին բյուջե վերականգնվող գումարները՝ ինչպիսի՞ պատկեր է։

«Այս տարի մենք պլանավորում ենք առնվազն 40 միլիարդ դրամով գերակատարել բյուջեի եկամուտները, և սա, ըստ էության, ստվերի կրճատում է Հայաստանի Հանրապետությունում։ Բացի այդ, դուք գիտեք, որ Հայաստանում մի քանի մասշտաբային քրեական գործեր են հարուցված, դրանցից մի մասի մեղադրյալները, ցավոք սրտի, հետախուզման մեջ են և չեն ներկայացել քննությանը», - պատասխանեց վարչապետը։

Հավելյալ եկամուտն ուղղվելու է զինծառայողների, ուսուցիչների աշխատավարձերի ավելացմանը, ճանապարհաշինությանը, սուբվենցիոն մարզային ծրագրերին։

Վարչապետը շեշտեց, որ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարը պետք է ակտիվանա: Բյուջե վերականգնվող գումարների ծավալից գոհ չէ, կարող էր ավելին լինել:

Փաշինյանն ընդգծեց, որ իշխանության թիրախում ոչ թե մարդիկ են, այլ պետությանը հասցված վնասը․ - «Նաև քննարկում ենք առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմը, և սա այն դեպքերից է, որ ես հիմա արդեն ակնհայտորեն տեսնում եմ պետական կառավարման մարմինների որոշակի դիմադրություն միջին օղակներում: Եվ ես պետք է հասկանամ շատ արագ էդ դիմադրության պատճառը որն է՝ դա բովանդակայի՞ն է, թե՞ դա հին կապերի և ազդեցությունների բերումով է։ Բնականաբար, այս հարցի պատասխանը ստանալուց հետո ավելի կոնկրետ միջոցներ կձեռնարկենք», - ասաց Փաշինյանը։

«Իմ քայլից» Նարեկ Մկրտչյանի հարցը ապագայի թեմայով էր՝ ինչո՞ւ «Չինաստան 2050», «Ղազախստան 2050» նախագծեր կան, իսկ Հայաստանը ապագայի հայեցակարգ չունի։

«Այն, ինչ խոսում ենք ապագայի մասին է, ինչ վերաբերում է դրա փաստաթղթավորմանը՝ դա էլ կհստակեցնենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտեց, որ մի շարք հարցեր հստակեցված են: Օրինակ, մեր երկրի առաջին խոշոր հարկատուն ոչ թե հանքարդյունաբերող պետք է լինի, այլ տեխնոլոգիական ոլորտի ընկերություն։

«Միշտ չէ և ամենուրեք չէ, որ վճարում են», - զինծառայողների ապահովագրության, այսպես կոչված, հազար դրամների հիմնադրամին ուղղվող գումարների մասով հայտարարեց վարչապետ Փաշինյանը։

Արմեն Եղիազարյանի («Լուսավոր Հայաստան») հարցին, թե ինչու չեն համապատասխանում ստվերից դուրս բերված ավելի քան 50 հազար աշխատատեղերը և հիմնադրամի մուտքերը, Փաշինյանն արձագանքեց. - «Դա մեր վիճակագրության համակարգի պրոբլեմն է: Մենակ էդտեղ չի, բազմաթիվ տեղեր դուք կարող եք անհամապատասխանություններ գտնել, և դա նորություն չի»։

«Բացառում եմ, որ Հայաստանում որևէ լրատվամիջոց քաղաքական հետապնդման ենթարկվի», - հայտարարեց վարչապետը՝ ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի հարցին։

Էդմոն Մարուքյանն ասաց, որ դեռևս 2007 թվականին Գյումրու «Գալա» հեռուստատեսությանը Փաշինյանի տված հարցազրույցից հետո «Գալայի» դեմ անվտանգության, հարկային ծառայությունները ճնշումներ են սկսել։ Գործը Եվրոպական դատարան էր հասել։

«Եվրոպական դատարանի որոշման հիման վրա Հայաստանում վերաբացվել է գործը, և վարչական դատարանը վերացրել է այն ակտը, որով 25 միլիոն դրամ տուգանվել էր «Գալա» հեռուստաընկերությունը: Եվ տեղի է ունեցել մի բան, որը ինձ համար շատ զարմանալի բան է, որպես էդ գործի վրա աշխատած մարդ եմ ասում՝ Եվրոպական դատարանի դիմումի, պետությունը բողոք է բերել ընդդեմ վարչական դատարանի որոշման», - ասաց Մարուքյանը։

«Ենթադրում եմ, որ էդ վարչական բողոքը գրել են էն նույն մարդիկ, ովքեր 2007 թվին էդ նույն ստուգումները և այլն պրոցեսը ձեռնարկել են, և այս առումով նրանց ռեակցիան գուցե և բնական է: Բայց համաձայն եմ Ձեզ հետ, որ էդպիսի իներցիոն երևույթները էնքան էլ բնական չեն համարվում արդի պայմաններում», - արձագանքեց Փաշինյանը։

«Առաջիկա զորակոչին սպորտսմեն նորակոչիկները հնարավորություն կստանան ծառայել մարզական վաշտում», - ի պատասխան պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի մտահոգությանը՝ ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Այդ վաշտի ձևավորման աշխատանքները արդեն ընթացքի մեջ են։

«Տարկետման իրավունքը վերացնում ենք, իրենց ուղղակի բոլորին զորակոչում ենք, համապատասխան մարտական պատրաստություն ենք անցկացնում։ Պատրաստի մարզիկներ են և զինծառայողներ», - ընդգծեց Տոնոյանը։

Կառավարություն-խորհրդարան հացուպատասխանին հնչեցին նաև մշտական, ավանդական դարձող հարցեր՝ Հայաստան-Արցախ ռոումինգը ե՞րբ կվերանա, ե՞րբ ի վերջո Դիլիջան զբոսաշրջային քաղաքի ջուրը ցեխաջուր չի լինի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG