Մատչելիության հղումներ

Լավրովը հաստատում է՝ ղարաբաղյան բանակցությունների սեղանին այսօր 2016-ի ռուսաստանյան առաջարկներն են


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, Մոսկվա, 17-ը ապրիլի, 2019թ․

Այդ մասին ավելի վաղ հայտարարել էր Մամեդյարովը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հաստատել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ավելի վաղ արած հայտարարությունը այն մասին, որ ղարաբաղյան բանակցությունների սեղանին այսօր 2016 թվականի ռուսաստանյան կողմի առաջարկություններն են:

Ադրբեջանի արտգործնախարարը ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած եռակողմ բանակցություններից հետո հայտարարել է, թե քննարկում են 2016 թվականի առաջարկությունները:

«Ես այստեղ հավելելու բան չունեմ», - այսօր Մոսկվայում Սերբիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողի հարցին պատասխանելիս ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ այս առաջարկությունների մանրամասները գաղտնի են:

Ինչ վերաբերում է բանակցային սեղանին առկա առաջարկությունների իմաստին, Լավրովի խոսքով՝ դրանք համահունչ են այն մոտեցումներին, որոնք ամրագրված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ղեկավարների բազմաթիվ հայտարարություններում: Այդ հայտարարություններում նշված է, որ կողմերը պետք է համաձայնության գան՝ հիմնվելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքների վրա:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը լրագրողին կոչ է արել ծանոթանալ համանախագահ երկրների ղեկավարների բազմաթիվ հայտարարություններին՝ հասկանալու համար, թե ինչ առաջարկներ են այսօր սեղանին: Նա հատկապես ընդգծել է ղարաբաղյան հակամարտության մասին ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ անցած տարվա դեկտեմբերին կայացած նիստում ընդունված վերջին հայտարարությունը:

Անցած դեկտեմբերին ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստին ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարարի և Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի ընդունած համատեղ հայտարարությունում, մասնավորապես, ասված էր՝ համանախագահ երկրները ողջունում են այն փաստը, որ 2018-ի սեպտեմբերին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցություններից հետո զոհերի թիվը նվազել է: Նախարարները կոչ էին արել կողմերին շարունակել իրականացնել Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները և կոնկրետ միջոցներ ձեռնարկել իրենց երկրների բնակչությանը խաղաղությանը պատրաստելու համար:

Սերգեյ Լավրովն այսօր նաև ասել է, թե ունի հիմքեր ենթադրելու, որ Երևանն ու Բաքուն շահագրգռված են իրագործելու հումանիտար ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ապրիլի 15-ն Մոսկվայում կայացել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ ձևաչափով բանակցությունները, և այդ բանակցություններից հետո նրանց են միացել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG