Մատչելիության հղումներ

Նոտր-Դամ․ Հրշեջները ուշացումով էին ժամանել, անվտանգության աշխատակիցները ազդանշան չէին հնչեցրել


Ֆրանսիա - Փարիզի Աստվածամոր տաճարի ներսում՝ հրդեհից հետո, 16-ը ապրիլի, 2019թ․

Հրշեջները մոտ կես ժամ ուշացումով են ժամանել կրակի ճիրաններում հայտնված Փարիզի Աստվածամոր տաճար: Եկեղեցու անվտանգության աշխատակիցները հրդեհի բռնկումից անմիջապես հետո օգնության ազդանշան չեն հնչեցրել, նախ փորձել են ինքնուրույն մարել կրակը, և կրիտիկական 23 րոպեների ընթացքում, երբ փնտրում էին կրակի օջախը, հրդեհը տարածվել էր շենքի ողջ վերնահարկով մեկ: Այս մասին հայտնում են Ֆրանսիայի պաշտոնական աղբյուրները:

Փարիզի դատախազ Ռեմի Էյցը հայտարարել է, որ հրդեհի պատճառի ամենահավանական վարկածը դժբախտ պատահարն է, սակայն նախազգուշացրել է, թե հետաքննությունը կլինի երկարատև և դժվարին:

Ֆրանսիական մամուլը գրում է, որ քննիչները դիտավորության հետքեր չեն տեսնում, որպես պատճառ դիտարկում են էլեկտրականության խնդիրը՝ կարճ միացումից մինչև թաքնված էլեկտրալարերի անսարքություն:

Շուրջ 850 տարի առաջ կառուցված Ֆրանսիայի հայտնի հուշարձանը, որը վերապրել էր պատերազմներ, հեղափոխություններ, այսօր մասնատված է, ավելի քան յոթ ժամ տևած հրդեհի հետևանքով նախ փլուզվեց գոթական տաճարի սրածայր աշտարակը, ապա՝ տանիքի մի մասը:

Հրշեջներին, այդուհանդերձ, հաջողվել է փրկել միջնադարյան հուշարձանի հիմնական քարե կառույցը, այդ թվում՝ երկու զանգակատները, տաճարում պահվող արվեստի և կրոնական թանկարժեք առարկաները, փրկվել են եկեղեցու հսկայական ապակենկարները, կրակից զերծ են մնացել նաև եկեղեցու հայտնի տասներկու արձանները:

Մասնագետների գնահատմամբ՝ առնվազն տասը տարի կպահանջվի Փարիզի և Ֆրանսիայի ամենահայտնի խորհրդանիշը վերականգնելու համար, նախագահ Էմանյուել Մակրոնը, սակայն, խոստանում է այդքան չսպասեցնել՝ ընդամենը հինգ տարվա ընթացքում աշխարհին վերադարձնել Ֆրանսիայի ամենաշատ այցելուներն ունեցող հուշարձանը՝ իր նախնական տեսքով:

«Մենք կվերակառուցենք Նոտր-Դամը, որպեսզի այն դառնա է՛լ ավելի գեղեցիկ, և ես ցանկանում եմ, որպեսզի դա արվի հինգ տարվա ընթացքում: Մենք կարող ենք դա անել, մենք կմիավորվենք», - նախօրեին հայտարարում էր Ելիսեյան պալատի ղեկավարը:

Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար ընդամենը երկու օրում հավաքվել է արդեն 700 միլիոն եվրո, օգնության ձեռք են մեկնել հիմնականում ֆրանսիացի միլիարդատերերը, Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է միջազգային դրամահավաք կազմակերպել:

Ի դեպ, նախօրեին՝ հրդեհից ժամեր անց, Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը, որը 19-րդ դարում նոր հռչակ է բերել միջնադարյան տաճարին, առաջին տեղն է զբաղեցրել Amazon-ի բեսթեսելերների ցանկում: Իսկ այդ վեպի հիման վրա նկարահանված Walt Disney-ի անիմացիոն ֆիլմը նույն օրը հայտնվել է ամենավաճառվող ֆիլմերի ցանկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG