Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց՝ իրեն ԱՄՆ-ից չեն արտաքսել։
Օրերս մամուլում լուրեր տարածվեցին, որ Մովիսյանի՝ ԱՄՆ մուտքի արտոնագիրը չեղյալ է համարվել։
Մինչդեռ Մովսիսյանը պնդեց՝ ինքն արդեն 15 տարի է գնում-գալիս է Միացյալ Նահանգներ և որևէ խոչընդոտ չի ունեցել։ Ամիսներ առաջ էլ Նահանգներ էր մեկնել մանկության ընկերոջ 50-ամյակի միջոցառմանը մասնակցելու նպատակով։ Ասաց, որ այնտեղ հաստատվելու մտադրություն էլ չի ունեցել, անգամ որդիներին չէր տարել իր հետ։ Մովսիսյանը հայտնեց նաև, որ ԱՄՆ-ում կարճ է մնացել և դեռ հունվարին է վերադարձել Հայաստան։
Նախկին պատգամավորը տարակուսանք հայտնեց, թե ով և ինչու է նման սուտ լուրեր տարածել։ «Ազատության» հարցին, թե ինչո՞վ է զբաղվում այժմ, Առաքել Մովսիսյանը պատասխանեց՝ բիզնեսով, և պետական պաշտոնի չի հավակնում։
Այլ հարցերի ՀՀԿ նախկին պատգամավորը չպատասխանեց, մասնավորապես չասաց՝ դեռ կուսակցակա՞ն է, թե՞՝ ոչ։