Մատչելիության հղումներ

Քաղաքաշինության կոմիտեն Լոռու մարզում տնակների հաշվառման ընթացքում բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել


Լեռնապատ գյուղի կիսակառույց տներից մեկը, որտեղ վերսկսվեցին շինարարական աշխատանքները, 16-ը ապրիլի, 2019թ.
Լեռնապատ գյուղի կիսակառույց տներից մեկը, որտեղ վերսկսվեցին շինարարական աշխատանքները, 16-ը ապրիլի, 2019թ.

Քաղաքաշինության կոմիտեն աղետի գոտու տնակների հաշվառման ընթացքում բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել. կոռուպցիոն գործարքներով որոշ ընտանիքներ ապօրինի ներառվել են անօթևանների ցուցակներում, կամ ոմանք որպես աղետից տուժածներ մի քանի անգամ տուն են ստացել պետությունից։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն այսօր Լոռու մարզում «Ազատությանն» ասաց, որ «մեղմ ասած, տարօրինակ փաստեր» են հայտնաբերել, որոնք պատրաստվում են հանձնել իրավապահների քննությանը․ - «Օրենքից բավականին հեռու գործարքներ է տեղի ունեցել, ու էդ ամեն ինչը հիմա դրած Ա-ից մինչև վերջի տառը վերլուծում ենք, նորից վերհանում ենք իրական վիճակը, ճիշտ վիճակը»։

«Ազատություն» հարցին, թե կոռուպցիոն գործարքների՞ մասին է խոսքը, թե՞ չիմացության հետևանք է, Վերմիշյանը պատասխանեց. - «Ե՛վ դա, և՛ նա, և՛ մեկ ուրիշ։ Հիմա ճիշտ վեկտորի վրա է կառավարությունը, ճիշտ ճանապարհ է ընտրել, և ճիշտ ուղով մենք շարժվում ենք առաջ»։

Դիտարկմանը, որ բնակիչները բարձրաձայնում են այն մարդկանց անունները, որոնք չպիտի տուն ստանային, բայց ստացել են, Վերմիշյանը արձագանքեց. - «Եղել է, նման դեպքեր շատ են եղել, նույնիսկ մարդիկ կան, որ մի քանի անգամ են տուն ստացել։ Մենք վերհանում ենք և կտանք համապատասխան օրգաններին, էդ ամեն ինչով որ զբաղվեն»։

Կառավարության ներկայացուցիչներն այսօր Լեռնապատ գյուղում էին։ Պետբյուջեից հատկացված մոտ կես միլիարդ դրամով 44 կիսակառույց տուն մարզի 13 բնակավայրերում ավարտին հասցնելու ծրագիրը մեկնարկեց։

Սնանկ ճանաչված «Գլենդել Հիլզ» ընկերության կիսատ թողած աշխատանքն ավարտելու պարտավորություն է ստանձնել «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական կազմակերպությունը։ Պատասխանատուներն ասում են, որ ստուգել են կիսակառույցների ամրությունը, դրանք տարիների ընթացքում չեն քայքայվել։

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խոստացավ շինարարության ընթացքն աչքի առաջ պահել․ - «Այդ բոլոր պրոցեսները անմիջական մեր հսկողության տակ է լինելու, ընթացքում մենք պարտադիր պետք է այցելենք, հսկենք, և կարևոր մի բան, որ հենց տան բնակիչները, սեփականատերերը կարողանում են իրենք մասնակցել իրենց տան կառուցման պրոցեսին և դրա համար վարձատրվեն և նաև որակը հսկեն»։

Լեռնապատցի Արամայիս Եսայանի ընտանիքը 30 տարի տնակներում ապրելուց հետո շուտով տուն կունենա։ Ուրախ է՝ կես տարի անց կազատվի հոտած տնակից ու կտեղափոխվի երեքսենյականոց նորակառույց տուն։

«Տնակը վերացնելու եմ, նա արդեն հոտել է, նա պիտանի չի մեջը ապրելու։ Երկրորդ թոռս պետք է ծնվի, գնալու տեղ չկա։ Քամին անընդհատ մեջն է, հոտում է տախտակը», - ասաց Արամայիս Եսայանը։

Պաշտոնական տվյալներով, Լոռու մարզում 345 անօթևան ընտանիք կա, որոնք անցած տարիներին տուն կամ փոխհատուցում չեն ստացել պետությունից։ Նրանցից ամենաշատը՝ 97 ընտանիք ապրում է Լեռնապատ գյուղում, որտեղ ևս 40-ը ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել ցուցակներից։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ասաց, որ տնակների հաշվառումն ավարտելուց հետո կոմիտեն խնդիրը լուծելու իր առաջարկները կդնի վարչապետի սեղանին։

Հարցին, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ 2020 թվականին աղետի գոտի, անօթևան, այդպիսի հասկացություն չի լինի, հնարավոր համարո՞ւմ է, Վերմիշյանը պատասխանեց. - «Մեր կառավարության հանձնարարականը չի քննարկվում, կատարվում է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG