Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը կհանդիպի «ԱրարատՑեմենտի» աշխատողներին


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 16-ը ապրիլի, 2019թ․
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 16-ը ապրիլի, 2019թ․

«ԱրարատՑեմենտ»-ի աշխատակիցներն արդեն երկրորդ օրն է շարունակում են փակ պահել դեպի գործարան տանող ճանապարհը, նրանք օրեր առաջ աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել, բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում գործարանի սեփականատեր, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հետ։

«Մենք կսպասենք, հիմա սպասելու ենք, էսօր գիշերն էլ հերթապահություն կիրականացնենք, կսպասենք պարոն Գագիկ Ծառուկյանին», - ասաց աշխատակիցներից մեկը։

Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդի փոխարեն աշխատակիցների կրճատման պատճառները ներկայացրեց «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը: Նրա խոսքով՝ սա պայմանավորված է Իրանից ներկրվող ցեմենտի պատրաստման հումքի և ցեմենտի համեմատ շատ ավելի ցածր ինքնարժեք ունեցող կլինկերի վրա պետական տուրքի չտարածման որոշմամբ, այս պայմաններում ավելի քան 1000 աշխատակիցներին պահելը, ըստ ընկերության տնօրենի, շահավետ չէ։ Այսօր էլ անձամբ Գագիկ Ծառուկյանն է Ազգային ժողովում անդրադարձել գործարանի խնդրին:

«Էսօր հիմնական խնդիրը կլինկերն է, որ դա իրոք ցեմենտ է, որի վրա 100 հազար տոննա ստանալու համար, իմ կառավարիչն է զեկուցել, հարկավոր է 3 միլիոն գազի փող տալ, միլիոն ու կես հոսանքի փող տալ», - նշեց Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանը քննադատության սլաքներն ուղղեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի վրա, որը նախորդ ուրբաթ Իրանից ներկրվող ցեմենտի վրա պետտուրք սահմանելու որոշում էր ընդունել:

«Հիմա հանձնաժողովը որոշում է ընդունել, որ կլինկերը, ասենք թե, տուրք չվճարի, ցեմենտը վճարի։ Ասում են՝ ցեմենտն էլ Ծառուկյանի համար են արել, առանց ամաչելու, որ ի՞նչ են արել՝ արել են տեղական արտադրանքի, իմ ժողովրդի համար։ Հիմա Ծառուկյանն էլ ասում է՝ ձեր ցավը տանեմ, տվել եմ կառավարման, ես չեմ խառնվում», - ընդգծեց ԲՀԿ ղեկավարը։

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն արձագանքում է. «Մենք բոլոր հիմնավորումները հանձնաժողովին նիստում մանրամասն հնչեցրել ենք, էդ թվում նաև՝ Ազգային ժողովի տնտեսագիտական փորձաքննության վարչությունը իր եզրակացությունը ներկայացրել է, թե կառավարության բերած նախագիծը, ի սկզբանե, ինչ տեսքով որ կար, ինչ ռիսկեր ու վտանգներ է պարունակում։ Դրանից բացի նաև մեր պատգամավորների կողմից են էդ մտահոգությունները հնչեցվելու, հիմնավորումները։ Եթե ավելի մանրամասն բացատրությունների կարիք կա, հարցը քննարկվելու է, ասեմ, որ այդ հարցի քննարկման համար բավականին երկար ժամանակ է հատկացվել Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ, այսինքն՝ հնարավորություն կունենաք բոլոր հարցերի պատասխանները մանրամասն լսել մեր կողմից էլ ու հույս ունեմ նաև հենց իրենց կողմից»։

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը միանշանակ չեն ընդունել գործադուլ իրականացնողները, նրանք «Ազատությանը» հայտնեցին, որ երեկ ուշ երեկոյան «Մուլտի Գրուպ» կոնցեռնից իրենց հայտնել են, թե կասեցնում են աշխատակիցների կրճատման որոշումը, իսկ այսօր Ծառուկյանը սկզբնական որոշումն է կրկնել։ «Ու ասում է, որ «դե եթե իմն է գործարանը, սեփականատերը ես եմ, կլինկեր չեմ արտադրում, կլինկերը բերում աղում եմ»: Այսինքն, էդ ծանուցագրերը կարող են էսօր չլինել, էսօր չեղյալ համարվել, ու վաղը նորից էդ ծանուցագրերը գրվեն ու նորից բաժանվեն աշխատողներին», - ասաց աշխատողներից մեկը։

Աշխատանքը կորցնելու վտանգի առաջ կանգնած մոտ 1000 աշխատակիցների փոխանցմամբ՝ վաղը Գագիկ Ծառուկյանը անձամբ է հանդիպելու իրենց հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG