Մատչելիության հղումներ

Էրդողանը C-400 համակարգերի ձեռքբերման հարցով հատուկ նամակ է հղել Թրամփին


Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաք, արխիվ

Թուրքիայի կողմից ռուսական արտադրության C-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հարցում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «ողջամիտ դիրքորոշում է» դրսևորում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար, Ռեջեփ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը` Սպիտակ տանը երկուշաբթի երեկոյան կայացած բանակցությունների ավարտին:

Ալբայրաքը Վաշինգտոն էր ժամանել երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով, ինչպես նաև Սպիտակ տուն էր բերել նախագահ Էրդողանի` Թրամփին ուղղված նամակը` նվիրված C-400 համակարգերի ձեռքբերմանը:

Ամերիկյան կողմը կտրականապես դեմ է Անկարայի կողմից ռուսական արտադրության հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռքբերմանը` պնդելով, որ դրանք անհամատեղելի են ՆԱՏՕ-ի Հակաօդային պաշտպանության միասնական համակարգի հետ: Թուրքական կողմը, սակայն, շարունակում է հակադարձել, որ C-400 համակարգերը գործելու են անկախ և որևէ կերպ չեն օգտագործվելու ՆԱՏՕ-ի անդամ պետություններից որևէ մեկի դեմ:

Պենտագոնում, սակայն, զգուշացնում են, որ C-400 համակարգերի ձեռքբերման դեպքում Թուրքիան կարող է մոռանալ ամերիկյան նորագույն F-35 կործանիչների մատակարարումների, ինչպես նաև դրանց մի շարք կարևոր դետալների` թուրքական գործարաններում արտադրության մասին: Ավելին, ամերիկյան իշխանությունները զգուշացնում են, որ Անկարան ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման դեպքում կարող է հայտնվել պատժամիջոցների իրական վտանգի առջև:

«Դոնալդ Թրամփը ողջամտորեն և ըմբռնումով մոտեցավ թուրքական կողմի այն փաստարկներին, որոնք վերաբերում էին C-400 համակարգերի ձեռքբերմանը», - CNN Turk հեռուստաընկերության փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, հույս հայտնելով, որ Վաշինգտոնի տեսակետը այս հարցում կարող է որոշակի ճշգրտումների ենթարկվել:

Այս օրերին Վաշինգտոնում է նաև Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Այստեղ նա մասնակցում է թուրք-ամերիկյան հարաբերությունների հեռանկարներին նվիրված համաժողովին, որի ընթացքում մեկ անգամ ևս պնդեց, թե չնայած Վաշինգտոնից նկատվող ճնշմանը՝ Թուրքիայի չի հրաժարվելու C-400 համակարգերի ձեռքբերման գաղափարից:

«Վերջնագրերը, վերջնաժամկետները և սպառնալիքները գործին չեն օգնում և հակասում են դաշնակցային հարաբերությունների ոգուն», - նշում էր Թուրքիայի պաշտպանության նախարարը` ընդգծելով, որ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբը արդեն իսկ նախնական պատկերացում ունի, թե որտեղ են տեղակայվելու ռուսական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգերը:

«C-400 համակարգերն ըստ ամենայնի պաշտպանելու են մեր երկրի խոշորագույն քաղաքների` Անկարայի և Ստամբուլի օդային տարածքը», - ասում էր Աքարը:

Ավելի վաղ իշխանություններին մոտ կանգնած «Ենի Շաֆաք» օրաթերթը տեղեկացնում էր, որ C-400 համակարգերի տեղակայման առաջին կետը դառնալու է Անկարայից ոչ հեռու գտնվող ռազմական օդանավակայաններից մեկը:

Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքով, ի դեպ, C-400 համակարգերը կարող են Թուրքիա մատակարարվել ավելի վաղ, քան ակնկալվում էր` արդեն այս տարվա հունիսին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մի քանի շաբաթ առաջ որպես հակահրթիռային համակարգերի մատակարարման ամենաօպտիմալ ժամկետ մատնանշել էր հուլիս ամիսը:

Երեկ էլ թուրքական A-Haber հեռուստաընկերության կայքում տեղեկություն էր հայտնվել, որի համաձայն՝ ամերիկացիների հետ առկա տարաձայնությունների ֆոնին, Մոսկվայից ձեռք բերված C-400 համակարգերը կարող են ժամակավորապես ի պահ տրվել Ադրբեջանում կամ Կատարում:

«Թուրքական պաշտպանական գերատեսչությունն արդեն իսկ ընտրել է այն 100 զինծառայողներին, որոնք նախ կմեկնեն Ադրբեջան` վարժանքներ անցկացնելով C-300 «Ֆավորիտ» համակարգերի վրա, ինչից հետո կուղևորվեն Ռուսաստան` ծանոթանալով արդեն C-400 համակարգերի աշխատանքին», - գրում են թուրքական լրատվամիջոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG