Մատչելիության հղումներ

Զարթոնքի գյուղապետին պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացման մեղադրանք է առաջադրվել


I

Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Զարթոնք համայնքի ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ մարտի 11-ին Զարթոնք գյուղի 6 բնակիչներ դիմում են ներկայացրել ոստիկանության Մեծամորի բաժին այն մասին, որ Զարթոնք համայնքի ղեկավարը թույլ է տվել մի շարք չարաշահումներ, մասնավորապես՝ յուրացրել է սոցիալական օգնության նպատակով համայնքի բյուջեից դուրս գրված գումարները:

Դիմումի կապակցությամբ Մեծամորի ոստիկանությունում նախապատրաստվել են նյութեր, ինչի ընթացքում Զարթոնքի նշված բնակիչները, ովքեր 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ են, հաղորդումներ և բացատրություններ են տվել այն մասին, որ համայնքի ղեկավարն իրենց անուններով համայնքի բյուջեից ընդհանուրը 1 միլիոն 100 հազար դրամ գումարի չափով օգնություն է դուրս գրել, սակայն իրենցից մեկն ընդհանրապես գումար չի ստացել, իսկ մյուսներն ստացել են ընդհանուրը 300 հազար դրամ գումար:

Տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ «ART» բարեգործական կազմակերպությունից Զարթոնքի համայնքապետարանին է փոխանցվել 400 դոլար գումար՝ քառօրյա պատերազմին մասնակցած և վիրավորված երկու զինծառայողների բուժման և հանգստի նպատակով, որը, սակայն, չի փոխանցվել նրանց:

Փաստի առթիվ ոստիկանության Մեծամորի բաժնում մարտի 21-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ըստ ենթակայության ուղարկվել է Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Իրականացվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննվել են վկաներ, առերևույթ հանցագործության մասին հաղորդում տված անձինք, կատարվել է դիմումատուների կողմից ներկայացված փաստաթղթերի զննություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա երեկ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ «յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով»: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Անցած շաբաթավերջին Զարթոնքում 23 տարվա գյուղապետ Պարույր Սարգսյանի կողմնակիցների ու նրա հրաժարականը պահանջողների միջև միջադեպ էր տեղի ունեցել, կրակոցներ էին հնչել: Դրանից հետո համայնքի ղեկավարը հրաժարական տվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG