Մատչելիության հղումներ

Ռուբինյան․ Մաքսատան աշխատակիցը քննադատության է ենթարկվել վարչապետի կողմից, ոչ թե ապօրինի ճնշման


Անցած շաբաթ Նորագավիթի ավտոմաքսատանը տեղի ունեցած միջադեպից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված մի շարք մեղադրանքներ հնչեցին: Նրան մեղադրեցին մարդու իրավունքները և Աշխատանքային օրենսգիրքը խախտելու, մեծամտանալու համար:

Մաքսատան աշխատակից Հայկ Մարտիրոսյանին Փաշինյանը դիմում գրելու ցուցում տվեց՝ նրա սենյակի անկյունում գետնին դրված կեղտոտ դրոշ տեսնելուց հետո, մինչ այդ էլ նկատողություն էր արել կեցվածքի համար:

Նաև այս միջադեպին է անդրադարձել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հյուրընկալվելով «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդմանը․

«Ազատություն»․ - Ձեզ այդ տեսարանը չի՞ մտահոգել, որ ստորին օղակի աշխատողը քավության նոխազ է դառնում, և կարո՞ղ եք այդ մասին ասել վարչապետին:

Ռուբեն Ռուբինյան․ - Եթե ես այդպես կարծեի, միանշանակ կասեի, բայց առնվազն ինձ համար պետական խորհրդանիշները միշտ կարևոր տեղ են զբաղեցրել իմ արժեհամակարգում՝ ներառյալ օրհներգը, ներառյալ զինանշանը, ներառյալ դրոշը: Եվ ես կարծում եմ, որ տարիներ շարունակ դրանց հանդեպ հարգանքը, նաև՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով, բավարար մակարդակի չի եղել: Վարչապետի արածը պետք է դիտարկել հենց այդ կոնտեքստում՝ հարգանքի ձևավորում պետական խորհրդանիշների հանդեպ:

Կապված քավության նոխազի հետ՝ ես կրկին համաձայն չեմ:

«Ազատություն»․ - Դե թող հենց էդ պահին պետերին հեռացներ աշխատանքից, Դավիթ Անանյանին նկատողություն աներ, ոչ թե այդ մարդուն, որը խեղճացած կանգնել էր և չէր հասկանում ինչ է կատարվում:

Ռուբինյան․ - Ըստ էության, բայց էդ սենյակը էդ մարդկանց աշխատավայրն էր: Այսինքն՝ հիմա մենք պետք է հասկանանք՝ մենք այս հարցը ո՞ր հարթությունում ենք քննարկում՝ բարոյակա՞ն, քաղաքակա՞ն, իրավակա՞ն․․․

«Ազատություն»․ - Ի դեպ, ասում են՝ իրավականով էլ վարչապետը չէր կարող քաղծառայողին այդպես միանձնյա որոշմամբ ազատել աշխատանքից, իրավապաշտպաններն ասում են․․․

Ռուբինյան․ - Ես գիտեմ, որ իրավականով վարչապետը չէր կարող ազատել, բայց վարչապետը չի ազատել, որովհետև այդ անձը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

«Ազատություն»․ - Պարզ չէ՞ ինչու, պարոն Ռուբինյան, Դուք չե՞ք կարծում, որ նա ճնշման է ենթարկվել, և առնվազն՝ հոգեբանական ճնշման, որ գնա այդ աշխատանքից․․․

Ռուբինյան․ - Ես կարծում եմ, որ այդ մարդը քննադատության է ենթարկվել վարչապետի կողմից, բայց ես չեմ կարծում, որ ապօրինի ճնշման հետ մենք գործ ունենք:

«Ազատություն»․ - Չէ, խոսքը այն մասին է, որ, ինչպես, օրինակ, Էդմոն Մանուկյանն էր ձևակերպել, անգամ եթե նա անարգել է դրոշը, եկեք մենք էլ իրեն չանարգենք՝ տեսախցիկների առջև այդպես վարվելով իր հետ:

Ռուբինյան․ - Կրկին պետք է հիմա չխառնենք հարթությունները, մենք ո՞ր հարթությունում ենք խոսում՝ բարոյակա՞ն, բարոյական հարթությունը շատ տարբեր մեկնաբանությունների տեղիք կարող է տալ՝ մի անձը կարող է մտածել, որ չափազանց ուժեղ էր վարչապետի արձագանքը, մյուսը կարող է մտածել, որ նորմալ էր, մյուսը կարող է մտածել, որ չափազանց թույլ էր:

«Ազատություն»․ - Թավշյա հեղափոխության մեր տարին է նշվում, և օր չկա, որ հանրապետականները չասեն՝ շուտով Սերժ Սարգսյանը խոսելու է: Ենթադրաբար, նա ասելու է՝ «ես գնացի, բայց ինձնից հետո շատ բան չի փոխվել, մարդիկ լավ չեն ապրում»։ Ինչպե՞ս կհակադարձեք այդ սպասվող խոսքին:

Ռուբինյան․ - Ես ոչ մի կերպ չեմ հակադարձի, ես ուզում եմ ասել, որ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ հանրապետականները, չորս ամիս է, ինչ ընտրությունները եղել են, բացարձակ հետաքրքիր չեն: Նրանք շատ կանխատեսելի են և ըստ ավանդույթի նաև շատ անտրամաբանական են: Սերժ Սարգսյանը ինչքան ուզում է թող լռի, ինչքան ուզում է թող խոսի, նա ուներ տասնյակ տարիներ խոսելու համար, և չեմ կարծում, որ այդ տարիները չօգտագործելուց հետո իրեն ինչ-որ մեկը ուզում է լսել:

«Ազատություն»․ - Համարեք, որ ես եմ հարցնում․ մեկ տարի է անցել՝ մարդիկ լավ չեն ապրում:

Ռուբինյան․ - Ձեր պնդումը առնվազն թերի է, որովհետև ոչ ոք չի էլ պնդել, որ մեկ տարի է անցել, և բոլորը միայն հարստացել են: Տեղի են ունեցել շատ մեծ փոփոխություններ Հայաստանում, բայց ես չեմ կարծում, որ որևիցե մեկը Հայաստանում հեղափոխության ժամանակ մտածում էր, որ ընդամենը 12 ամիս հետո սոցիալական վիճակը երկրում պետք է տասնապատիկ անգամ լավանա: Բնականաբար, բոլորը ունեին և ունեն սպասումներ, բայց նաև բոլորը գիտակցում էին և գիտակցում են, որ կյանքը լավանալու համար անհրաժեշտ են համապատասխան բարեփոխումներ, անհրաժեշտ են տնտեսական փոփոխություններ, անհրաժեշտ են արժեհամակարգային փոփոխություններ, և մենք այդ ճանապարհին ենք:

Բայց ես միևնույն ժամանակ ուզում եմ հեղափոխությունից մեկ տարի հետո ներողություն խնդրել այն բոլոր քաղաքացիներին, որոնց հոգսերը մենք չենք հասցրել հոգալ, որոնց խնդիրները մենք չենք հասցրել լուծել: Խորապես ցավում եմ դրա համար, բայց ունենք քաղաքական կամք՝ անել հնարավորը, որպեսզի դա տեղի ունենա հնարավորինս շուտ:

Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG