Իրանի իշխանությունները երկրի Զարգացման հիմնադրամի միջոցներից շուրջ 2 միլիարդ դոլար են հատկացրել բնական աղետի հետևանքով տուժածներին փոխհատուցելու, բնակելի շրջանները վերականգնելու նպատակով: Շաբաթներ տևած ջրհեղեղների հետևանքով եղել են մարդկային կորուստներ, ավերվել են տասնյակ բնակավայրեր, հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները:
Իրանի ներքին գործերի նախարար Ռահմանի Ֆազլիի խոսքով` բնական աղետի հասցրած վնասի չափը կազմում է 2,5 միլիարդ դոլար: Իրանցի պաշտոնյայի վկայությամբ՝ վերջին 70 տարվա ընթացքում ամենաուժգին այդ ջրհեղեղները, որոնք շարունակվել են ավելի քան երեք շաբաթ, խլել են առնվազն 76 մարդու կյանք, տուժած բնակավայրերի ավելի քան 220 հազար բնակիչներ ստիպված լքել են իրենց տները:
Իրանի Զարգացման հիմնադրամից թույլատրվում է միջոցներ ստանալ, եթե չկան ֆինանսավորման այլ աղբյուրներ, ասվում է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի նամակում, որում երկրի առաջնորդը հավանություն է տալիս ֆինանսական օգնություն հատկացնելու կառավարության առաջարկին: Իրանի գերագույն առաջնորդը միևնույն ժամանակ Հասան Ռոհանիի կառավարությանը կոչ է արել փորձել բյուջետային այլ միջոցներ գտնել տուժածներին օգնելու համար:
Ավելի վաղ Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ ջրհեղեղների պատճառով շուրջ 2 միլիոն իրանցի մարդասիրական օգնության կարիք ունի: Խոշոր ծախսեր են պահանջվում նաև ենթակառուցվածքների վերականգնման համար: Տեղատարափ անձրևների հետևանքով վնասվել է 14 հազար կլիմետր երկարությամբ ճանապարհ, ավերվել է ավելի քան 700 կամուրջ: Ամենաշատը տուժել են Գոլեստան, Ֆարս, Խուզեստան և Լուրեստան նահանգները, երկրի 31 նահանգներից 21-ը այս կամ այն կերպ վնաս է կրել:
Տարերային աղետի հետևանքով տուժածներին օգնությունը ուշացնելու պատճառով կոշտ քննադատության են ենթարկվել հատկապես Իրանի հոգևոր առաջնորդը և նախագահ Հասան Ռոհանին: Վերջինս, ինչպես գրում էր իրանական ոչ իշխանական մամուլը, իր հանգիստն էր անցկացնում Պարսից ծոցում գտնվող Քեշմ կղզում և Թեհրան է վերադարձել միայն ջրհեղեղի հանդարտվելուց հետո: Մինչ այդ իրանական համացանցում ֆլեշմոբ էր սկսվել՝ «Ո՞ւր է Ռոհանին» հեշթեգով:
Մի շարք երկրներ, այդ թվում Իրանի հարևանները՝ Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը, հումանիտար օգնություն են ուղարկել այդ երկիր, որը վերջին ամիսներին տնտեսական աննախադեպ ծանր ճգնաժամ է ապրում Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների պատճառով: