Մատչելիության հղումներ

«Վարչապետը երբեք չպետք է այդպես խոսի որևէ քաղաքացու հետ». Բադալյանը՝ Նորագավիթի մաքսատանը տեղի ունեցածի մասին


Վարչապետը երբեք չպետք է այդպես խոսի որևէ քաղաքացու հետ, անկախ քաղաքացու թույլ տրված արարքից, «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն՝ անդրադառնալով օրերս Նորագավիթի մաքսատանը տեղի ունեցած միջադեպին։

«Մենք տեսնում ենք, որ ամիսներ շարունակ իր ելույթներում Նիկոլ Փաշինյանը փորձում է քաղաքացու անհատական պատասխանատվության դերը շեշտել, և այստեղ գուցե ընդհանուր առմամբ արձագանքը համարվում է ոչ բավարար։ Մյուս կողմից, իհարկե, քաղաքացին էլ կարող է համարել, որ իշխանությունը դեռևս ոչ ամբողջապես բավարար քայլեր է անում՝ իրավիճակը փոխելու ուղղությամբ։ Բայց չի բացառվում, որ այս դրվագը ցույց էր տալիս էդ քաղաքացու անհատական պատասխանատվության ինստիտուտի կայացման հանդեպ ընդհանրապես վարչապետի դժգոհությունը։ Սա ես կարծում եմ, բայց չի կարող արդարացնող հանգամանք լինել, որովհետև իմ գնահատմամբ, վարչապետը երբեք չպետք է այդպես խոսի որևէ քաղաքացու հետ՝ անկախ քաղաքացու թույլ տված արարքից։ Նոր Հայաստանը պետք է նաև բացառի այդպիսի խոսակցությունը, մյուս կողմից կարող ենք հասկանալ, որ այստեղ կա տպավորություն, որ մինչև այդպիսի խոսակցություն չի լինում, չեն ձգվում, չեն զգաստանում, սա էլ կա, անկասկած, բայց ես կարծում եմ, որ այդուհանդերձ զգաստացնելու, անհատական պատասխանատվության ինստիտուտը ներդնելու քայլերը պետք է այլ լինեն, քան այն, ինչ-որ եղավ։ Ես հուսամ, որ դա վերջինը կլինի, որովհետև դա ամենևին լավ օրինակ չէ ընդհանրապես որևէ տեսանկյունից», - ասաց Բադալյանը։

Քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ շատ լավ կլինի, եթե իրավապաշտպան կառույցները փորձեն այդ տղայի իրավունքները պաշտպանեն, ընդհուպ դատական կարգով վիճարկեն վարչապետի, կամ նրա վերադասների գործողությունները։

Հարցին, թե, ըստ իրեն, հիմա ի՞նչ պետք է անի վարչապետը, Բադալյանը պատասխանեց. - «Եթե շատ ուժեղ քայլի մասին խոսենք, ես կարծում եմ, որ ընդհուպ կարելի էր ընդունել, որ զուտ վարքագծի մշակույթի այսպես զայրույթը, կամ դիտողությունն արտահայտելու տեսանկյունից սխալ է տեղի ունեցել և զուտ այդ սխալի համար ներողություն խնդրել, եթե անգամ զուտ իրավացի է եղել դիտողության պատճառի տեսանկյունից։ Ես կարծում եմ, որ սա շատ ուժեղ քայլ կլիներ»։

Նորագավիթի մաքսատանն ապրիլի 9-ին շրջայցի ընթացքում վարչապետին զայրացրել էր տարածքի կեղտոտ վիճակը: Սենյակներից մեկում էլ կեղտոտված դրոշը տեսնելով՝ վարչապետը շատ կոշտ նկատողություն էր արել աշխատակիցներից մեկին՝ Հայկ Մարտիրոսյանը և հրահանգեց աշխատանքից ազատվելու դիմում գրել։ «Մարդն ամեն օր գա, մտնի իր աշխատասենյակ, տենա դրոշը կեղտոտ գցած է անկյունում, այդ մարդը ո՞նց կարող է Հայաստանում ուսադիրներ կրել, կազատեք բոլորին, մի մարդ չմնա էս սենյակում աշխատած։ Անուն-ազգանուններով կհետևեք և ինձ կասեք», - հանձնարարեց վարչապետը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG