Բրիտանական Սոլսբերի քաղաքը, որտեղ անցյալ տարի «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութի թունավորումից տուժել են ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստր Յուլիան, ճանաչվել է Մեծ Բրիտանիայի՝ ապրելու համար ամենալավ քաղաքը:
The Times հեղինակավոր պարբերականը նման եզրահանգման է եկել ուսումնասիրությունների արդյունքում: Թերթը հիմք է ընդունել քաղաքի բնակչության «հավաքական ոգին», որը չի կոտրվել, չնայած այն հանգամանքին, որ Սոլսբերին «իր կամքից անկախ հայտնվել է համաշխարհային լրահոսի վերնագրերում»:
Հաղթահարելով սթրեսը՝ քաղաքը դարձել է «էլ ավելի ուժեղ», գրում է The Times-ը:
Բնակիչների բարոյական հատկանիշները, սակայն, միակ պատճառը չէ, որ Սոլսբերին գլխավորել է վարկանիշային ցանկը: Առավելությունների թվում է նաև քաղաքի՝ ծովափին և Լոնդոնին մոտ լինելու հանգամանքը, կրթական բարձր մակարդակը:
Սերգեյ և Յուլիա Սկրիպալները թունավորվել են անցյալ տարվա մարտին: Նախկին գործակալի վրա հարձակման համար բրիտանական իշխանությունները մեղադրում են Ռուսաստանի ռազմական հետախուզությանը: Երկու գլխավոր կասկածյալները, որոնք Մեծ Բրիտանիա են այցելել Ռուսլան Բոշիրով և Ալեքսանդր Պետրով անուններով, RT հեռուստաընկերության եթերում հայտարարել են, որ իրենք ձեռնարկատերեր են, այցելել են Սոլսբերի տեսնելու այնտեղ գտնվող հայտնի տաճարը: