Մատչելիության հղումներ

Երևանի կենտրոնում տարածքներ են վարձակալության տրվել 1 քմ-ը՝ 250-ից 1000 դրամով


Երևան, Բուզանդի 1/3 շենքը

Երևանի կենտրոնում՝ Բուզանդի 1/3 հասցեում գտնվող բազմահարկ շենքում, որտեղ 40-ից ավելի կազմակերպություններ են գործում, տարիներ շարունակ տարածքներ են վարձակալության հանձնվել՝ 1 քառակուսի մետրը 250-ից մինչև 1000 դրամով:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանը զարմանում է՝ քաղաքի կենտրոնում այս ի՞նչ գներ են: «Աբսուրդային իրավիճակ է: Այս պահի դրությամբ Հանրապետական կուսակցությունը 500 քառակուսի մետր տարածք ունի վարձակալած՝ 250 դրամով: Նույն այս շենքում կա Կոմունիստական կուսակցությունը, որը 1000 դրամով է քառակուսի մետրը վարձակալել: Կարծում եմ՝ սա միտումնավոր է արված», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պապիկյանը:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը վստահեցնում է՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում քաղաքապետարանում քննարկելու են, թե այս շենքը հետագայում ինչ նպատակով է շահագործվելու՝ գուցե որպես թանգարան, կամ բիզնես կենտրոն: Սրանք, ասաց, տարբերակներ են, որոնք դեռ չեն էլ քննարկվել, բայց եթե որոշվի, որ ոչինչ չի փոխվելու, այդուհանդերձ, փոխվելու են վարձակալության գները:

«Իսկ այն վարձակալները, ովքեր գրեթե ավերակներից գրասենյակ են կառուցել, շուկայական գի՞ն են վճարելու», - այս հարցին Պապիկյանը պատասխանեց՝ նրանց կընդառաջեն․ - «Եթե որոշում կայացվի վարձ վերցնել իրենցից, ապա նաև հաշվի է առնվելու իրենց ներդրումը, վերանորոգո՞ւմ է արվել, թե՞՝ չէ, և եթե որոշակի ծախս արել են, բնականաբար, ավելի էժան է վարձը լինելու: Պետք է մասնագետները ուսումնասիրեն՝ շուկայական գնին մոտ․ շուկայական գին՝ մինուս իրենց ներդրումը կատարած»:

Քաղաքապետարանի սեփականություն հանդիսացող այս շենքում գործող լրատվամիջոցներից միայն մեկը՝ «Հետք» պարբերականն է վճարում՝ 1 քմ-ի դիմաց՝ 1000, իսկ ամսական՝ 72 հազար դրամ՝ վարձակալած 100 քմ-ի դիմաց: Գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը հարցազրույց չտալու պայմանով ասաց, որ իրենց տարածքը նախկինում տեխնիկական հարկ է եղել՝ ո՛չ պատեր է ունեցել, ո՛չ պատուհաններ: Հիմնային վերանորոգում են արել, բայց եթե վարձակալության գինն ավելանա՝ դուրս կգան շենքից ու ոչ ոքից ոչինչ չեն խնդրի, ուր կգնան՝ չգիտի:

Ի տարբերություն «Հետք»-ի, «Հրապարակ» օրաթերթը վերջին 5 տարիներին խմբագրության 90 քմ տարածքն անհատույց է զբաղեցնում: Մինչ այդ 1 քմ-ի դիմաց վճարել է 1000 դրամ: Գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի խոսքով, Երևանի ավագանու նախկին անդամների առաջարկով՝ շենքում գործող մի քանի լրատվամիջոցների նկատմամբ քաղաքային իշխանությունը բարի կամքի դրսևորման ժեստ է արել ու անհատույց տրամադրել տարածքը: Օհանյանն ասաց՝ իրենք նույնպես գրեթե աղբանոցից են գրասենյակ դարձրել տարածքը: Մյուս տարի սպառվում է նաև «Հրապարակ» օրաթերթի պայմանագրի ժամկետը: Խմբագիրը վստահեցրեց՝ շուկայական գներով չեն կարող նույն տարածքը վարձակալել:

«Կենտրոնում բիզնես տարածքներում կան որոշակի գներ, այդ շենքը չի կարող բիզնես տարածքների հետ համեմատվել, որովհետև այստեղ պայմանները շատ ավելի վատն են, քան ցանկացած այլ վարձակալական տարածքներում: Եթե ես ի վիճակի լինեմ այդքան գումար վճարել, կգնեմ շատ ավելի աշխատանքային լիարժեք պայմաններ ունեցող տարածք: Նախ պետք է հասկանանք, թե մեր ծախսե՞րը ով է փոխհատուցելու այդ դեպքում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արմինե Օհանյանը՝ հավելելով․ - «Չի նշանակում, որ իրենք շատ տնտեսվար գործունեություն են ծավալում, և մնացել է այս մի քանի քառակուսի մետրից լրացուցիչ եկամուտ ձեռք բերելու խնդիրը»:

Տարիներ շարունակ մեկ այլ շենքում գործող «Ա1+»-ն իր աշխատակազմով ստիպված է տեղափոխվել Բուզանդի 1/3` թողնելով իրենց իսկ միջոցներով կահավորված ու վերանորոգված գրասենյակը: Դրա դիմաց, հեռուստաընկերությանը Բուզանդի 1/3-ում 400 քմ տարածքի մի մասն անհատույց է տրամադրվել՝ մինչև փակվի պետության պարտքն իրենց: «Ա1+»-ի հիմնադիր Մեսրոպ Մովսիսյանն ասում է՝ այդ գումարը դեռ երկար պետք է այդպես մարվի: Տարածքի մյուս մասը «Ա1+»-ը վարձակալում է՝ 1 քմ-ի դիմաց վճարելով 1000 դրամ: Եկող տարի նաև հեռուստաընկերությանը տրամադրված ամբողջ տարածքի պայմանագրի ժամկետն է սպառվում: Քաղաքապետարանից պատասխան են ստացել՝ քննարկվում է պայմանագրի ժամկետը երկարացնելու նպատակահարմարությունը: Մեսրոպ Մովսիսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ գովազդատուներ չկան, որ կարողանան գումար աշխատել, կոլեկտիվ պահել, տարածքը լքելու պահանջի դեպքում կփակվեն, եթե այլընտրանք չառաջարկվի:

«Բայց ես հեչ հույս չունեմ, որ ինչ-որ բան իրենք կառաջարկեն: Ստիպված պետք է փակվենք, ուրեմն: Ես չեմ կարող էս կոլեկտիվը և էս տեխնիկան տեղադրեմ իմ տանը և էնտեղ աշխատեմ: Կարող է որոշեն, որ ոչ մի բան էլ չի լինելու, բայց կարող է որոշեն, որ պետք է դուրս գանք: Դա նշանակում է ուղղակի հարված խոսքի ազատության վրա: Երբ որ ոչ մի գովազդ Հայաստանում չի աշխատում, որտեղի՞ց լրատվամիջոցը պետք է գումար վերցնի: Ուրեմն, ստիպողական ուղղորդում են դեպի որևէ մի օլիգարխի «ծոցը», այսպես ասած, բայց կողքից էլ անընդհատ գոռում են, որ մամուլը պետք է ազատ լինի», - շեշտեց Մովսիսյանը:

Խոսակցությունները, թե նախկին իշխանությունները Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքում լրատվամիջոցներին ցածր գներով և անհայտույց տարածքներ են տրամադրել որոշակի «համագործակցության» դիմաց՝ «Ազատության» զրուցակից խմբագիրները անհեթեթություն որակեցին:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանը, անդրադառնալով լրատվամիջոցների մտահոգություններին, ասաց․ - «Կարող եմ հավաստիացնել, որ մինչև անհատույց տրամադրված տարածքները, մինչև 2020 թիվը, այսինքն՝ պայմանագրերի ավարտը, մնալու են իրենց տեղերում»:

Վերադառնալով տարիներ շարունակ ցածր գներով Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) վարձակալած տարածքների հարցին, Պապիկյանն ասաց, որ բացի նշված 500 քմ-ից, ՀՀԿ-ն նույն շենքի նկուղային հատվածում նաև 115 քմ տարածք է վարձակալել՝ 1 քմ-ի դիմաց վճարելով 500 դրամ: Շենքի կառավարիչն ասաց՝ դա կուսակցության պահեստն է: Ի տարբերություն այս շենքում գործող լրատվամիջոցների, որոնց պայմանագրերը սպառվում են մյուս տարի, ՀՀԿ-ի տարածքների պայմանագրերի վերջնաժամկետը 2027 թվականն է:

«Իրենք իրենց համար որոշել են ավելի էժան գնով տարածք վերցնել», - ընդգծեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG