Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները դեռ ցույց կտան իրենց ազդեցությունը․ Ջոն Հանթսման


Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», Պրահա
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», Պրահա

«Կրեմլի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցները դեռ ցույց կտան իրենց ազդեցությունը, սա այն սակավաթիվ հարցերից մեկն է, որի շուրջ Ամերիկայում դեմոկրատներն ու հանրապետականները լիակատար փոխըմբռնում ունեն», - պնդել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում:

«Կարծում եմ` ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների նկատմամբ մինչ օրս սահմանված պատժամիջոցները շատ լուրջ են, մենք, այս պահի դրությամբ, արդեն իսկ հարյուրավոր սահմանափակումներ ենք մտցրել: Ամերիկյան քաղաքականության մեջ քիչ են հարցերը, որոնք միավորում են հանրապետականներին ու դեմոկրատներին: Այս հարցը Սենատում գրեթե 100 տոկոս աջակցություն է ստացել` երկու ճամբարների կողմից էլ: Դա պատասխանն է Ռուսաստանի ոչ բարեկամական գործողությունների` Ղրիմի բռնակցումից մինչև Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը, միջամտությունը ընտրություններին ու մարդու իրավունքների պաշտպանության վիճակը», - ասել է դեսպանը՝ շարունակելով․ - «Կարծում եմ, դեռ վաղ է ասել` արդյոք այդ պատժամիջոցները ծառայել են իրենց նպատակին: Սահմանափակումներն արագագործ չեն, դրանք նախատեսված են երկարատև ժամանակի համար: Եվ մենք ավելի քան շահագրգռված ենք քննարկել այն հարցերը, որոնք հանգեցրել են այս պատժամիջոցների ընդունմանը: Պետք է նստել բանակցային սեղանի շուրջ ու քննարկել` ինչու ենք հասել այս իրավիճակին, և երբ այդ խնդիրները կլուծվեն, պատժամիջոցները կչեղարկվեն, և մենք կապրենք այլ իրավիճակում: Այժմ, սակայն, շփումների նման մակարդակի դժվար է հասնել»:

Ամերիկացի դեսպանը խուսափել է կանխատեսել, թե ով է հաղթելու մեկ շաբաթից Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններում: «Ով էլ հաղթի, մեկ բան հստակ է` Ուկրաինայում ժողովրդավարական գործընթաց է, և քայլերն արվում են ճիշտ ուղղությամբ», - ասել է Ջոն Հանթսմանը:

«Հետաքրքիր է, որ հենց Ռուսաստանի սահմանին` Ուկրաինայում լիարժեք ընտրություններ են անցնում. ժողովրդավարակա՛ն ընտրություններ` տասնյակ թեկնածուների մասնակցությամբ, կրքոտ ու վիճաբանություններով լի նախընտրական բանավեճերով, որոնց մասնակցում են բազմաթիվ կուսակցություններ ու անընդհատ քայլեր անում, որոնք որևէ մեկը չէր ակնկալում: Ժողովրդավարական համակարգն այսպես է աշխատում, սա՛ է ժողովրդի կամարտահայտությունը: Երբ ես նայում եմ այս տարածաշրջանին, տեսնում եմ, որ քայլերն արվում են այն սկզբունքների ուղղությամբ, որոնց աջակցում ենք մենք ու բազմաթիվ այլ երկրներ` բաց կառավարում ու թափանցիկություն, ազատություն ու ժողովրդավարություն: Ուկրաինան գուցե նոր առաջնորդ կունենա` այժմ դժվար է կանխատեսել, սակայն մենք բոլորս պետք է ընդունենք այն ընտրությունը, որ ժողովուրդը կանի»:

Լավատեսական գնահատական տալով Ուկրաինայի ժողովրդավարական զարգացումներին, Միացյալ Նահանգների դեսպանը միաժամանակ պնդել է` Արևմուտքի համար թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցը․ - «Ղրիմի բռնազավթմամբ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ոտնահարվեց, և դա է Ռուսաստանի հետ ԱՄՆ հարաբերությունների սառեցման հիմնական պատճառը: Ղրիմի բռնազավթումն ու Արևելյան Ուկրաինայում տիրող իրավիճակը արդեն 10 հազար 400 մարդու կյանք է խլել: Այդ հարցերը դեռ լուծված չեն, դրական որևէ քայլ չի արվել ազատ ու միացյալ Ուկրաինայի ուրվագծերը վերականգնելու, ինքնիշխան պետության տարածքային ամբողջականությունը հարգելու համար: Ոտնահարվել են միջազգային իրավունքի նորմերը, իսկ մենք հավատում ենք միջազգային իրավունքին: Այնպես որ, մենք կարծում ենք, որ Ուկրաինայի ընտրություններից հետո, անկախ այն բանից, թե ով կհաղթի, Ռուսաստանը կմիանա օգտակար գործընթացի, որը թույլ կտա Ուկրաինայի ժողովրդին սեփական երկիրը տեսնել վերականգնված, տեսնել, թե ինչպես է ընդհանուր լարվածությունը նվազում արևելյան շրջաններում, որտեղ իրավիճակը հիմա լիովին ապակայունացված է: Եկել է ժամանակը, որ բոլորը նստեն բանակցությունների սեղանի շուրջ ու գտնեն ինչ-որ լուծում, այդպիսի բան չի եղել արդեն մի քանի տարի»:

Խոսելով ռուսական ագրեսիայի, հարևանների դեմ Կրեմլի սանձազերծած գործողությունների մասին` դեսպան Հանթսմանը չի համաձայնել կարծիքներին, թե այժմ Ռուսաստանն ավելի մեծ վտանգ է ներկայացնում Հյուսիսատլանտյան դաշինքին: «Հիմնադրումից հետո` անցած տասնամյակների ընթացքում, ռազմական այդ դաշինքն ընդարձակվել է, ամրապնդվել և առաջիկայում էլ կշարունակի հզորանալ», - ասել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը:

«Մենք անցյալում ենք թողել 20-րդ դարը, երբ միլիոնավոր մարդիկ զոհ գնացին Առաջին ու Երկրորդ համաշխարհային պատերազմներին: 70 տարի է` ՆԱՏՕ-ն խաղաղություն է պահպանում, սա հեշտ չէր: Այս ընթացքում դաշինքն ընդարձակվել է, այժմ ունի 29 անդամ, որոնք պաշտպանում են գրեթե կես միլիարդ մարդկանց ազատությունը, որոնք ընդհանուր արժեքներ ու պարտավորություններ ունեն: Դա ինչ-որ առանձնահատուկ բան է, երբ երկրները միավորում են իրենց ջանքերը հանուն համընդհանուր արժեքների և որոշում են պաշտպանել միմյանց` դրանց հիման վրա: ՆԱՏՕ-ն, այս առումով, հաջողության զարմանալի պատմություն է և շարունակելու է փոխվել ու ամրապնդվել, շարունակելու է որոնել` որն է տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու լավագույն ճանապարհը: Երբ ես նայում եմ ՆԱՏՕ-ին, միայն հաջողություններ եմ տեսնում. դաշինքը գոյություն ունի, քանի որ դրա կարիք կա, և միլիարդավոր մարդիկ շնորհակալ են, որ իրենց խաղաղությունն ու ազատությունը պաշտպանվում է հավաքական անվտանգության այդ ամենահաջողված կազմակերպության կողմից», - հայտարարել է Ջոն Հանթսմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG