Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը հայտարարել է, թե պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երրորդ գագաթնաժողովն անցկացնելու:
«Մենք համբերատար կսպասենք մինչև տարեվերջ, երբ ԱՄՆ-ը համարձակ որոշում կկայացնի», - Կիմ Չեն Ունի խոսքերն է մեջբերում հյուսիսկորեական պետական գործակալությունը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ հյուսիսկորեացի առաջնորդը Միացյալ Նահանգներին մեղադրել է անցած փետրվարին Թրամփի հետ գագաթնաժողովը տապալելու մեջ: Կիմ Չեն Ունի կարծիքով, Վաշինգտոնի առաջ քաշած պայմանները հարցեր են առաջացնում՝ պատրա՞ստ է արդյոք Միացյալ Նահանգները բարելավել հարաբերությունները:
Միևնույն ժամանակ, Կիմ Չեն Ունը նշել է, որ Դոնալդ Թրամփի հետ իր անձնական հարաբերությունները մնում են լավ, և երկու առաջնորդները կարող են նամակներ փոխանակել «ցանկացած ժամանակ»:
Ապրիլի 11-ին Թրամփը նույնպես պատրաստակամություն էր հայտնել հյուսիսկորեացի պաշտոնակցի հետ հանդիպելու, սակայն շեշտել էր, որ Վաշինգտոնը կպահպանի Փհենյանի դեմ պատժամիջոցները: