Մատչելիության հղումներ

Պարզվում են Չարենցավանի դպրոցի նախկին տնօրենի կողմից չարաշահումների հանգամանքները. ՔԿ


Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու և յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ըստ հաղորդագրության, Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում տվյալներ են ձեռք բերվել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից մի շարք չարաշահումներ կատարելու վերաբերյալ:

Մասնավորապես, ըստ կոմիտեի, նշված դպրոցի նախկին տնօրենը 2011 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին և 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականի սեպտեմբերը որպես հավաքարար աշխատանքի է ընդունել Երևան քաղաքի բնակչուհու, ով աշխատանքի չի ներկայացել, իսկ 2012 թվականի փետրվարից մինչև 2014 թվականի հուլիսը որպես լաբորանտ աշխատանքի է ընդունել իր դստերը, ով նշված ժամանակահատվածում սովորել է «Մխիթար Հերացու» անվան ԵՊԲՀ-ում և փաստացի չի աշխատել։

Երևանի բնակչուհու անվամբ, ինչպես նշում է Քննչական կոմիտեն, ընդհանուր առմամբ դուրս է գրվել 850 հազար, իսկ տնօրենի դստեր անվամբ՝ 2 միլիոն 180 հազար դրամ գումար:

Բացի այդ, ըստ նախնական տվյալների՝ տարբեր ԱՁ-երից դպրոցի համար տարբեր ապրանքներ են ձեռք բերվել, որոնք դպրոցը փաստացի չի ստացել: Ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018 թվականի նոյեմբերի 30-ին դպրոցի նախկին տնօրենը ՍՊ ընկերությունից դպրոցի համար ձեռք է բերել 372 հազար 440 դրամի ընդհանուր արժողությամբ տնտեսական ապրանքներ, որոնցից միայն մոտ 74 հազար դրամի ապրանքներ են բերվել դպրոց, իսկ նշված հարցը կարգավորելու համար վերջինս հետին ամսաթվով կնքել է դպրոցի համար իբրև ձեռք բերված ապրանքներն ի պահ հանձնելու պայմանագիր:

Դեպքի առթիվ Ոստիկանության Չարենցավանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի [Յուրացնելը կամ վատնելը] 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի [Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը] 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունը կատարվում է Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում:

«Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG