Էկվադորի ոստիկանությունը ձերբակալել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործակիցներից մեկին: Էկվադորի ներքին գործերի նախարար Մարիա Պաուլա Ռոմոն ձերբակալվածի անունը չի նշել, սակայն հայտնել է, որ այդ անձը ձերբակալվել է «քննչական նպատակներով»:
Associated Press-ի տեղեկություններով՝ ձերբակալվածը ծրագրավորող է, բերման է ենթարկվել օդանավակայանում, որտեղից փորձում էր Ճապոնիա մեկնել: Էկվադորի իշխանությունները կասկածներ ունեն, որ նա փորձում էր ապակայունացնել իրավիճակը երկրում:
Էկվադորի ներքին գործերի նախարարը նաև հայտնել է, որ երկրի իրավապահ մամինները հետևում են երկու ենթադրյալ ռուսաստանցի հաքերների, որոնք կարող են կապեր ունենալ Ասանժի հետ:
Սկանդալային կայքի հիմնադիրը ձերբակալվել է երեկ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ բնակվում էր 2012 թվականից: Լատինամերիկյան երկիրը նրան ապաստան էր տվել: Ասանժին մեղադրում են դատարանին չենթարկվելու մեջ, և Մեծ Բրիտանիայում նրան սպառնում է ազատազրկում, ինչպես նաև արտահանձնում Միացյալ Նահանգներին, որտեղ WikiLeaks-ի հիմնադիրը մեղադրվում է կառավարական գաղտնի փաստաթղթեր գողանալու համար: