Մատչելիության հղումներ

Wikileaks-ի հիմնադիրը ձերբակալվեց Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը


ՄԹ – WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ոստիկանական մեքենայում, Լոնդոն, 11-ը ապրիլի, 2019թ․

Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը այսօր առավոտյան Լոնդոնում ձերբակալվեց Էկվադորի դեսպանատանը: Նա ձերբակալվեց 2 հիմքով՝ գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու և Միացյալ Նահանգների պահանջով:

Վաշինգտոնը պահանջում է նրան արտահանձնել ԱՄՆ-ի իրավապահներին: Ձերբակալելուց մի քանի ժամ անց ոստիկանները նրան տարան Վեսթմինսթերի դատարան: Դատարանն Ասանժին մեղավոր ճանաչեց գրավի դիմաց ազատ արձակելու պայմանները խախտելու մեջ, որը տեղի է ունեցել 7 տարի առաջ՝ 2012 թվականին, երբ բրիտանական դատարանը որոշել էր նրան ձերբակալել և արտահանձնել Շվեդիայի իշխանություններին: Ասանժը, ով գրավի դիմաց ազատ էր արձակվել, թաքնվել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը և մինչև այսօր գտնվում էր այնտեղ:

Դատական հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 2-ին: Դատարանը նաև հայտնել է, որ Միացյալ Նահանգները մինչև հունիսի 12-ը պետք է ներկայացնեն Ասանժին արտահանձնելու փաստաթղթերը: ԱՄՆ դատախազությունն այսօր հայտարարել է, որ Ասանժին մեղադրանք է առաջադրվել 2010 թվականին դավադրությամբ կառավարական հաստատությունների համակարգիչներ մուտք գործելու փորձերի մեջ: Ըստ մեղադրանքի, գաղտնի նյութեր ձեռք բերելու նպատակով հաքերային հարձակումները նա կատարել է բանակի հետախուզության նախկին վերլուծաբան Չելսի Մենինգի հետ:

Ասանժի դեմ քրեական գործ է հարուցվել նաև Շվեդիայում՝ սեռական ոտնձգությունների մեղադրանքով, բայց գործը փակվել էր 2 տարի առաջ և Ստոկհոլմը այսօր ասել է, թե պահանջներ չունի և չի պահանջելու նրա արտահանձնումը Շվեդիային:

Wikileaks-ի հիմնադիր, 47֊ամյա Ջուլիան Ասանժը 2012 թվականից գտնվում էր Լոնդոնում Էդվադորի դեսպանատանը: Այսօր առավոտյան բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալեց նրան, քանի որ Էկվադորը, 7 տարի պահելով նրան, հրաժարվեց ապաստան տրամադրել: Էկվադորի նախագահ Լենին Մորենոն թվիթերյան տեսաուղերձում ասել է, թե Ասանժը բազմիցս խախտել է միջազգային կոնվենցիաները, անհարգալից վերաբերմունք է դրսևորել Էկվադորում իրեն բարեկամ կազմակերպությունների հանդեպ և այդ ամենը հանգեցրել է մի իրավիճակի, երբ նրան ապաստան տրամադրելը անընդունելի է և անհնարին:

Էկվադորի արտգործնախարարությունը հայտնել է, որ Ասանժին զրկել է քաղաքացիությունից:

Wikileaks-ի թվիթերի էջում ասվում է, որ Էկվադորը անօրինական գործել՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերը:

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ողջունել է Ասանժի ձերբակալումը: - «Միացյալ Թագավորությունում ոչ ոք չի կարող օրենքից վեր լինել», - հայտարարել է Մեյը:

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան դատապարտել է Ասանժի ձերբակալումը: Ֆեյսբուքի իր էջում Զախարովան գրել է․ - «Դեմոկրատիայի ձեռքը սեղմում է ազատության կոկորդը»:

Ավելի վաղ Wikileaks-ի հիմնադիրը պնդել է, թե իր դեմ հետապնդումները քաղաքական բնույթ են կրում և կապված են 2010 թվականին դիվանագիտական և զինվորական հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթերի հրապարակման հետ:

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն ասել է, թե Բրիտանիայի իշխանությունները խոստացել են Ասանժին չարտահանձնել մի երկրի, որտեղ նրան կարող է մահապատիժ սպառնալ:

ԱՄՆ-ի դատախազության՝ այսօր հրապարակված մեղադրանքով Ասանժին 5 տարվա ազատազրկում է սպառում:

XS
SM
MD
LG