Մատչելիության հղումներ

«Հայցում ենք երևանցիների ներողամտությունը՝ աղբահանության օպերատորի անբավարար աշխատանքի համար». Երևանի քաղաքապետարան


Երևանի քաղաքապետարանի շենքը

Վերջին շրջանում Երևանում աղբահանության խնդիրը նկատելիորեն վատթարացել է, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով՝ աղբահանության միակ օպերատորի աշխատանքը, որը մինչ այդ էլ գոհացուցիչ չէր, է՛լ ավելի անբավարար է դարձել:

«Աղբատար մեքենաների քանակը չի բավականացնում, գործող մեքենաները գրեթե ամեն օր խափանվում են, գրեթե չեն թարմացվում և չեն համալրվում աղբամանները, եղածները չեն լվացվում ու չեն մաքրվում», - գրել է Կարապետյանը՝ շարունակելով. - «Քաղաքապետարանի ու վարչական շրջանների կոմունալ ստորաբաժանումների, քաղաքապետարանի թեժ գծի ծառայության ու հասարակայնության հետ կապերի այլ միջոցներով անընդհատ ստանում ենք լցված աղբամաններով լուսանկարներ: Ահազանգերի մի մասի հետքերով գնում են կոմունալ ծառայության աշխատակիցները՝ փորձելով առավել վատթար վիճակում գտնվող փողոցներում ու բակերում իրավիճակային լուծումներ տալ»:

Քաղաքապետարանի խոսնակը նաև նշել է, որ անբավարար է նաև քաղաքի հանրային տարածքների սանմաքրման վիճակը:

«Հայտնում ենք, որ քաղաքապետարանն ամենօրյա ռեժիմով աշխատում է՝ վիճակը բարելավելու և վերջնական լուծում տալու ուղղությամբ: Հարցի լուծման իրավական ընթացակարգը որոշակի ժամանակ է պահանջում, այնուհանդերձ, քաղաքապետարանը փորձում է հնարավորինս արագացնել գործընթացը, որպեսզի վերջապես ունենանք նորմալ աղբահանություն և մաքուր քաղաք: Հայցում ենք երևանցիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը՝ աղբահանության օպերատորի անբավարար աշխատանքի համար», - գրել է Կարապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG