Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չորեքշաբթի օրը հայտարարությամբ է հանդես եկել Մարաղայի կոտորածի 27-րդ տարելիցի կապակցությամբ: Հայտարարությունում ասված է․
«Այսօր լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Մարաղա գյուղի բնակչության դեմ իրականացված հանցագործության 27-րդ տարելիցը: Գյուղի նկատմամբ մի քանի ժամ վերահսկողություն հաստատած ադրբեջանական բանակն այն վերածեց սպանդանոցի՝ ամենադաժան ձևով կտտանքների ենթարկելով և սպանելով ավելի քան 50 խաղաղ բնակչի, նույնքան էլ գերեվարելով՝ հիմնականում կանայք, ծերեր, երեխաներ և հաշմանդամներ: Երկու շաբաթ հետո ադրբեջանական բանակը կրկին վերահսկողություն հաստատեց գյուղի նկատմամբ՝ այս անգամ հիմնովին ավերելով այն: Մինչ օրս, Մարաղան գտնվում է ադրբեջանական զինված ուժերի օկուպացիայի ներքո, իսկ գերեվարվածներից շատերը համարվում են անհետ կորած:
Մարաղայի բնակչության զանգվածային սպանության փաստերը հաստատվել են մարդու իրավունքներով զբաղվող միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից, այդ թվում Human Rights Watch-ի and Amnesty International-ի: Ավելին՝ հակամարտության ընթացքում գերեվարվածների հետ աշխատանքներ իրականացրած Physicians for Human Rights կազմակերպության կողմից հրապարակված ուսումնասիրությունում հստակ արձանագրվել է, որ 1990-1996թթ. ընթացքում ադրբեջանական իշխանությունները և քաղաքացիական անձինք մասնակցություն են ունեցել ազգությամբ հայ երեխաների և ծերերի գերեվարման և կտտանքների ենթարկելու ինստիտուցիոնալացված գործընթացում:
Ի լրումն Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի հակահայկական ջարդերի` Մարաղայի բնակչության դեմ կատարված հանցագործությունն իրականացվել է արդեն իսկ անկախ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի տարածքում, իսկ այդ կոտորածն իրականացրած ջոկատի հրամանատարը` Տագիև Շահին Տալիբօղլուն պաշտոնապես դարձել է Ադրբեջանի առաջին ազգային հերոսը:
Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացված համակարգված զանգվածային ոճրագործությունները՝ դրանց անպատժելիությունը և հերոսացումը Ադրբեջանի հետևողական քաղաքականության մաս կազմեցին և նոր դրսևորումներ ստացան Մարաղայի դեպքերից 24 տարի անց` Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ժամանակ:
Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի կոտորածի զոհերի հիշատակին՝ միաժամանակ վերահաստատելով մեր հաստատակամությունը կանխարգելելու նմանօրինակ կոտորածների կրկնությունը և երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունը և ապահովությունն իր հայրենիքում»:
Մարաղայի ողբերգական իրադարձությունների 27-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի արտգործնախարարության հրապարակած մեկնաբանությունունում մասնավորապես ասված է․
«Մարաղայի քաղաքացիական բնակչության զանգվածային կոտորածը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում տեղի ունեցած ամենաողբերգական իրադարձություններից մեկն էր։ Ավանի վրա ադրբեջանական զորքերի հարձակումը պայմանավորված չէր ռազմական անհրաժեշտությամբ, այլ նպատակ էր հետապնդում ոչնչացնել նրա քաղաքացիական բնակչությանը։ Խաղաղ բնակիչների դեմ իրագործված ռազմական հանցագործությունների մասին վկայել են նաև Christian Solidarity Worldwide կազմակերպության ներկայացուցիչները, որոնք Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և փոխխոսնակ, իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորությամբ ավան էին այցելել կոտորածներից անմիջապես հետո»:
«Մարաղայում տեղի ունեցած ողբերգությունը հայերի նկատմամբ ահաբեկման, բռնության և հայրենի հողում ապրելու հնարավորությունից զրկելու՝ Ադրբեջանի քաղաքականության դրսևորումներից մեկն էր։ Այդ քաղաքականությունը ադրբեջանական իշխանությունների կողմից որդեգրվել և հետևողականորեն իրականացվել էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում։ Ադրբեջանը փորձեց նույն մեթոդներն ու մոտեցումները կիրառել 2016 թ. Արցախի դեմ սանձազերծված ապրիլյան ագրեսիայի ժամանակ, որը, սակայն, կանխվեց միայն Արցախի պաշտպանության բանակի վճռական գործողությունների շնորհիվ՝ ապահովելով երկրի անկախությունն ու նրա քաղաքացիների անվտանգությունը», - շեշտում է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը: