Մատչելիության հղումներ

Ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել. Փաշինյան


Բարձրագույն դատական խորհրդի նոր շենքում վարչապետին դիմավորեցին նոր ու մաքուր դրոշներով և ճոխ հյուրասիրությամբ:

Նոր Սահմանադրության արդյունքում ստեղծված Բարձրագույն դատական խորհուրդն է Հանրապետության նախագահին առաջարկում նշանակել դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին, լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունները դադարեցնելու, նաև դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցերը:

Գործունեության մեկ տարվա կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաններ, ելույթ ունեցավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել, անկախ նրանից դատավոր է, նախարար է, որևէ մակարդակի կոռումպացված պաշտոնյա, չի կարող հանգիստ քնել։ Նա պետք է իմանա, որ արդարությունը, արդարադատությունը, պայմանականորեն ասած, ժողովուրդը անպայման գալու է իր հետևից, եթե ոչ էսօր՝ վաղը, եթե ոչ վաղը, ուրեմն մյուս օրը», - ասաց Փաշինյանը։

Կառավարությունը հրաժարվել է ենթադրաբար գոյություն ունեցած այն գործելակերպից, երբ քաղաքական իշխանությունը որոշումներ է պարտադրում դատական իշխանությանը, այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ վստահցնելով, որ դատական իշխանությունն այդ հնարավորությունը կօգտագործի:

«Ես համոզված եմ, որ այսօրվա այդ շանսը կօգտագործվի, այլ բան է, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր կնպաստեն այդ շանսի իրացմանը, ովքեր են այն մարդիկ, ովքեր կխանգարեն շանսի իրացմանը։ Մենք այդ նպատակին կհասնենք շատ արագ, արդյունավետ, իսկ եթե կպարզվի, որ խանգարողներ կան, մենք ստիպված պիտի լինենք սկզբից լուծել խանգարողների հարցը, ապա միայն նոր անկախ դատական համակարգի հարցը», - ընդգծեց վարչապետը։

Ովքե՞ր են դատական իշխանության առողջացմանը խանգարող անձինք, «Ազատության» հարցին ի պատասխան երկու տասնամյակից ավելի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցրած, իսկ 2018-ից Բարձարգույն դատական խորհրդի նախագահ դարձած Գագիկ Հարությունյանը հորդորեց՝ ոչ թե սուբյեկտիվ դաշտում փնտրել, այլ հանգամանքերի մեջ:

«Առ այսօր մեր գործունեությանը, համենայն դեպս, խանգարողներ չկան», - ասաց Հարությունյանը։

Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ևս իրեն խանգարողների դաշտում չի տեսնում: - «Սկսած հանրապետության նախագահից մինչև վերջին պաշտոնատար անձը, ով խանգարեց դատական իշխանությանը, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի», - հայտարարեց նա:

«Ազատություն». Կա՞ն այդպիսիք այսօր։

Թովմասյան. Ես չեմ տեսնում, եթե տեսնեմ, վստահեցնում եմ՝ ես կբարձրաձայնեմ դրա մասին։

«Ազատություն». Ձեր հրաժարականի պահանջի հարցին ինչպես եք վերաբերվում։

Թովմասյան. Սովորական

«Ազատություն». Այսինքն քանի օրենքը թույլ է տալիս մինչև տարիքային սահմանը շարունակելո՞ւ եք պաշտոնավարել։

Թովմասյան. «Ոչ ոք չի կարող ոչինչ ասել»։

«Ազատություն». Այս պահին որևէ հիմք չունե՞ք հրաժարականի համար։

Թովմասյան. Իմ պլաններում նման բան ընդհանրապես չկա։ Ինձ համար կա գերխնդիր. երկրում ամեն ինչ անել՝ իմ գիտելիքները, իմ փորձառությունը ներդնել երկրում սահմանադրականություն ապահովելու համար։

2005 թվականի Սահմանադրությամբ ընտրված և մինչև 2035-ը պաշտոնավարել պատրաստվող Թովմասյանը պնդում է՝ ՍԴ-ի որոշումները վեր են քաղաքական հրահանգներից, այդ թվում՝ ընթացքի մեջ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ներկայացրած բողոքը:

«Ազատություն». Քաղաքական ճնշումների ենթարկվո՞ւմ եք այդ քննության ընթացքում։

Թովմասյան. Ինձ համար քաղաքական հարց չկա։ Ինձ համար ցանկացած դիմում, էսպես ասեմ, պատկերացրեք, որ փակ է, ջնջված է՝ ով է դիմողը։

«Ազատություն». Քաղաքական հարց չկա՝ նկատի ունեք, որ քաղաքական գործի մասին պնդումներն եք հերքո՞ւմ։

Թովմասյան. Էն հարցը, որը բարձրացված է, վերաբերում է քրեական դատավարության մի հոդվածի, չի վերաբերում արարքի, չի վերաբերում որակմանը, վերաբերում է քրեական դատավարության մեկ հոդվածին։ Ես վերցնում եմ էդ հոդվածը, նայում եմ, համադրում եմ Սահմանադրության հետ՝ նկատի ունեմ Սահմանադրական դատարանը, և ով է դիմել, ով ուզում է դիամած լիներ. էդ հարցով կարող էր դիմած լիներ և՛ կառավարությունը, և՛ Ազգային ժողովը, և՛ հանրապետության նախագահը։

«Ազատություն». Այն, որ երկրորդ նախագահի գործն է որևէ ձև չի՞ ազդելու որոշման վրա։

Թովմասյան. Որոշ կաշկանդվածություն ունի դա, որովհետև էդ որոշումը, որը ընդունվելու է, չի տարածվելու միայն երկրորդ նախագահի վրա, ինքը այսուհետ բոլորի վրա տարածվելու է, ինչ որոշում ուզում է լինի՝ սահմանադրական կլինի, հակասահմանադրական կլինի, իքս մեկնաբանության սահմանադրական կլինի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG