Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն սրբագրում է Ուկրաինայի ընտրությունների վերաբերյալ իր հայտարարությունները


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստիպված է արդարանալ Ուկրաինայի նախագահական ընտրությունների առթիվ իր վերջին հայտարարությունների պատճառով:

Բելառուսի նախագահը թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, թե իր կարծիքով՝ Պետրո Պորոշենկոն վերընտրվելու է: Լուկաշենկոն նաև խորհուրդ էր տվել ուկրաինացի այն ընտրողներին, որոնք չեն կողմնորոշվում, թե ում օգտին է հարկավոր քվեարկել` Պորոշենկոյի, թե Զելենսկու, ընդհանրապես զերծ մնալ տեղամաս գնալու գաղափարից:

«Չհասցրեցի երեկ երկու խոսք ասել ուկրաինական ընտրությունների մասին, այսօր առավոտյան կարդացի [ինչ են գրում] ու զղջացի, որ ընդհանրապես խոսել եմ այդ թեմայով: Բայց ես ասել էի այն, ինչ մտածում եմ: Եթե վստահ չես, մի դիմիր ռիսկի, մի քվեարկիր: Բայց սկսեցին ասել, որ ես [դրանով] Պորոշենկոյին եմ աջակցում, կարծես Պորոշենկոն իմ բարեկամը լինի, իսկ Զելենսկին` թշնամին», - նշում էր Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը նաև փորձում էր չեզոքացնել այն բացասական ազդեցությունը, որ թողել էր նրա մեկ այլ հայտարարություն, թե ինքը ճանաչում է Զելենսկի դերասանին, բաց ոչ՝ քաղաքական գործչին:

«Սկսել են հարվածել Զելենսկուն, նաև Ռուսաստանում, ասում են, թե նա դերասան է: Իսկ ի՞նչ, դերասանը չի՞ կարող նախագահ ընտրվել: Ռեյգանն էլ էր նախագահ», - վրդովվում էր Լուկաշենկոն` հիշեցնելով ԱՄՆ 40-րդ նախագահի հոլիվուդյան անցյալի մասին:

Ուկրաինական ընտրություններին իր հերթական կրքոտ անդրադարձը, սակայն, Լուկաշենկոն ավարտեց մեկ այլ վիճահարույց պնդմամբ` ակնարկելով, թե Ուկրաինայում նախագահները քիչ բան են միայնակ վճռում:

«Եվ հետո, ի՞նչ դերակատարություն ունի Ուկրաինայի նախագահը: Ի՞նչ է որոշում Ուկրաինայի նախագահը առանց խորհրդարանի: Պորոշենկոյին դա հաջողվում էր, քանի որ նա խորհրդարանում խմբակցություն ուներ: Բայց ասենք նախագահ դարձավ Պետրովը, Սիդորովը կամ Զելենսկին: Ամեն ինչ որոշվելու է խորհրդարանական ընտրություններում, իսկ այնտեղ քվեները ավելի ցրված են լինելու», - հայտարարում էր Բելառուսի նախագահը:

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է ապրիլի 21-ին: Խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերին: Նախագահական ընտրությունների ամենահավանական հաղթողի` Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը խորհրդարանում որևէ անդամ չունի: Ուկրաինացի քաղաքագետների համոզմամբ՝ ընտրվելու դեպքում Զելենսկու հաջորդ քայլը լինելու է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին պատրաստվելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG