Մատչելիության հղումներ

Թուրքիան կարող է ձեռք բերել C-400-ների նոր խմբաքանակ․ Չավուշօղլու


Ռուսական արտադրության C-400 զենիթահրթիռային համակարգեր, արխիվ
Ռուսական արտադրության C-400 զենիթահրթիռային համակարգեր, արխիվ

Թուրքիան կարող է ձեռք բերել զենիթահրթիռային C-400 (S-400) համակարգերի նոր խմբաքանակ, եթե Միացյալ Նահանգները հրաժարվի Անկարային վաճառել Patriot հակահրթիռային համակարգեր, այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

«Եթե ԱՄՆ-ը չի ուզում մեզ Patriot վաճառել, վաղը մենք կարող ենք գնել C-400 հավելյալ համակարգեր, ինչպես նաև հակահրթիռային նոր համակարգեր», - ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ Անկարան մտադիր է նաև ամերիկյան F-35 կործանիչների այլընտրանք գտնել, եթե Միացյալ Նահանգները չվերսկսի դրանց մատակարարումը։

Կրեմլը արդեն մեկնաբանել է թուրքերի հետ նոր գործարքի հավանականությունը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, թե ռազմատեխնիկական համագործակցությունը վկայում է երկրների միջև հարաբերությունների հատուկ մակարդակի մասին։ Նման հարաբերություններ Ռուսաստանն ու Թուրքիան, Պեսկովի խոսքով, ունեն։ Մոսկվան բաց է նոր առաջարկների համար և ունի ռազմատեխնիկական համագործակցությունն ընդլայնելու տեխնիկական հնարավորություններ և ցանկություն։

Ռուսաստանն ու Թուրքիան C-400 հրթիռների գործարքը կնքել են 2017 թվականի դեկտեմբերին, համաձայնագրով Անկարան հրթիռները պետք է ստանար այս տարվա հուլիսին, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե ռուսական հրթիռային համակարգերն իր երկիր կարող են հասնել ավելի շուտ։

C-400 հրթիռային համակարգերի գործարքի արժեքն է 2,5 միլիարդ դոլար, գործարքը նախատեսում է, որ Ռուսաստանը թուրքական կողմին է փոխացում նաև այդ հրթիռներն արտադրելու տեխնոլոգիաներ։ Այս մասին, սակայն, հստակ տեղեկություն չկա, ռուսաստանցի ռազմական հարցերով փորձագետները գրում էին, որ դժվար թե Մոսկվան ՆԱՏՕ-ի անդամ պետությանը հանձնի իր արդիական սպառազինության տեխնոլոգիաներ։

Շուրջ երկու տարի Միացյալ Նահանգները փորձում էր համոզել Թուրքիային՝ հետ կանգել ռուսների հետ գործարքից և փոխարենը գնել Patriot համակարգերը։ Անկարան էլ հայտարարել էր, որ պատրաստ է գնել և՛ ամերիկյան, և՛ ռուսական համակարգերը։ Վաշինգտոնը այս տարվա փետրվարին սպառնացել է, որ եթե Անկարան չչեղարկի ռուսների հետ գործարքը, Patriot համակարգերը չի ստանա։ ԱՄՆ-ը նույնիսկ պայման է դրել Թուրքիայի առջև՝ կա՛մ անդամակցությունը ՆԱՏՕ-ին, կա՛մ ռուսների հետ գործարքը։ Չավուշօղլուն սրան ի պատասխան այսօր ասել է, թե ՆԱՏՕ-ի որոշ անդամներ ունեն C-300 համակարգեր, և որ հակաօդային պաշտպանության համակարգերի առկայությունը չի հակասում անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին։

Ապրիլի 8-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ C-400-ների գործարքը պետք է ավարտին հասցնել։ Նույն բանակցությունների ընթացքում Պուտինն էլ հայտարարեց, որ ռուս-թուրքական ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է ընդլայնվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG