Մատչելիության հղումներ

Մեդվեդչուկ. «Դոնեցկը և Լուգանսկը պատրաստ են ինքնավարության կարգավիճակով վերադառնալ Ուկրաինայի կազմ»


Վիկտոր Մեդվեդչուկ, արխիվ

Ուկրաինայում ապրիլի 21-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլից 11 օր առաջ երկրի ամենառուսամետ գործիչներից մեկը` Վլադիմիր Պուտինի մերձավոր բարեկամ, գործարար և, որոշ տեղեկությունների համաձայն, ուկրաինական իշխանությունների և Կրեմլի միջև ստվերային բանագնացի դեր կատարող Վիկտոր Մեդվեդչուկը հայտարարել է․ - «Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները համաձայն են որպես ինքնավար կազմավորումներ վերադառնալ Ուկրաինայի կազմ»:

Այս մասին Մեդվեդչուկը հայտարարել է երեքշաբթի երեկոյան ուկրաինական «112-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում: Մեդվեդչուկի խոսքով, Դոնբասի կարգավորման ծրագիրը, որ շրջանառության մեջ էր դրվել իր թիմակիցների կողմից, աջակցություն է ստացել թե՛ Ուկրաինայի արևելքում և թե՛ Մոսկվայում:

«Այդ ծրագիր-հայեցակարգը, ընթացակարգը, դրա դրույթները աջակցություն են ստացել Լուգանսկում և Դոնեցկում, ինչպես նաև Մոսկվայում: Այդ մասին հայտարարել են [Ուկրաինայի խնդրով Ռուսաստանի հատուկ բանագնաց] Բորիս Գրիզլովը, նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը: Այդ մասին խոսում էին նաև անցած շաբաթ: Առաջիկա ընտրություններից հիմնական սպասելիքը հենց դա է, սակայն առավել առարկայորեն այս թեմային թերևս հնարավոր կլինի անդրադառնալ ապրիլի 21-ից, կամ, եթե ավելի ճշգրիտ լինենք, նորընտիր նախագահի պաշտոնամուտի արարողությունից և լիազորությունների ստանձնումից հետո», - նշել է Մեդվեդչուկը:

Ռուսամետ գործչի կարգավորման պլանի հիմնական կետերը հետևյալն են․ - «Լուգանսկի և Դոնեցկի մարզերը Ուկրաինայի կազմում ինքնավարություն են ստանում և օժտվում են ազատ տնտեսական գոտու կարգավիճակով: Պատերազմի ընթացքում տուժած ենթակառույցների վերականգնման հարցում Արևելյան Ուկրաինային միջազգային աջակցություն է ցուցաբերվում թե՛ ԵՄ-ից և թե՛ Ռուսաստանից»:

«Սա նորություն է, որի մասին մենք առայժմ որևէ տեղեկատվություն չունենք», - մեկնաբանելով Մեդվեդչուկի հայտարարությունները՝ այսօր նշել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Կիևում ևս չեն շտապում մեկնաբանել Մեդվեդչուկի ներկայացրած կարգավորման ծրագրի դրույթները, ինչը թերևս պատահական չէ: Ուկրաինայի քաղաքական դասի ողջ ուշադրությունը այժմ կենտրոնացել է առաջիկա նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քարոզարշավի վրա:

Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի քարոզարշավի հիմնական ուղերձը շատ պարզ է` «կա՛մ ես, կա՛մ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»: Շաբաթասկզբից երկրի ողջ տարածքում տեղադրվում են Պորոշենկոյի նախընտրական վահանակները, որոնց վրա պատկերված են Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները և մակագրված է`«Ապրիլի 21. վճռական ընտրություն»:

Բայց ի՞նչ ընտրություն կկատարեն Ուկրաինայի քաղաքացիների ապրիլի 21-ին: Ուկրաինական մամուլում հայտնվել են թեկնածուների շտաբերի պատվիրած փակ սոցհարցումների արդյունքները, որոնք վստահ հաղթանակ են խոստանում կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկուն:

Կիևում գործող «Ռեյտինգ» հետազոտական կենտրոնի անցկացրած վերջին հարցման համաձայն, ընտրությունների առաջին փուլին մասնակցած ռուսամետ թեկնածուների, ինչպես նաև նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ընտրազանգվածի մեծ մասը ապրիլի 21-ին քվեարկելու է Զելենսկու օգտին:

Վլադիմիր Զելենսկու շտաբը պնդում է, որ վերջին օրերին անցկացված հարցումների համաձայն, երկրորդ փուլում իրենց թեկնածուն կարող է ստանալ քվեների շուրջ 70 տոկոսը: Իսկ Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի տվյալներով, եթե ընտրությունների երկրորդ փուլը կայանար այս շաբաթ, Զելենսկու օգտին կքվեարկեր ընտորղների 40, իսկ Պորոշենկոյի օգտին` 20 տոկոսը:

Չկողմնորոշված ընտրողներին իրենց կողմը գրավելու հարցում վճռորոշ դեր կարող են խաղալ Պորոշենկոյի և Զելենսկու առաջիկա հեռուստաբանավեճը, որը կայանալու է Կիևի խոշորագույն մարզադաշտում:

Երկու թեկնածուների շտաբերը, սակայն, առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ բանավեճի անցկացման ժամկետի շուրջ: Մարզադաշտի ղեկավարությունը նշում է, որ Պորոշենկոյի շտաբից տարածքի վարձակալման երկու դիմում է ստացել` ապրիլի 14-ի և 19-ի համար, Զելենսկու շտաբից՝ միայն ապրիլի 19-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG