ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը երեքշաբթի օրը հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի, արտգործնախարար Մասիս Մայիլյանի և պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի հետ:
Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Բակո Սահակյանը և Անջեյ Կասպշիկը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Մայիլյանի և Կասպշիկի հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի՝ տարածաշրջան այցի արդյունքներին։
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Այս համատեքստում ընդգծվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության պահպանման կարևորությունը:
Կողմերն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ մի շարք հարցերի։
Գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը և դեսպան Անջեյ Կասպշիկը հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների և առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ, հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: