Մատչելիության հղումներ

Նավալնին ՄԻԵԴ-ում հերթական գործն է շահել ընդդեմ Ռուսաստանի


Ռուսաստանի իշխանությունների կոշտ ընդդիմախոս, Կոռւպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնին հերթական անգամ հաղթել է Ռուսաստանի իշխանություններին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ)․ իշխանությունները պետք է Նավալնուն վճարեն 22,5 հազար եվրո փոխհատուցում:

ՄԻԵԴ-ն այսօր հրապարակել է վճիռ, որի համաձայն, Ռուսաստանի իշխանությունները ոտնահարել են Ալեքսեյ Նավալնու իրավունքները՝ 2014 թվականին նրա նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց սահմանելով:

Ըստ որոշման, Նավալնու դեմ հարուցված գործը քաղաքական ենթատեքստ էր կրում, իսկ տնային կալանքը ոտնահարել է նրա ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Ստրասբուրգի դատարանը եկել է, մասնավորապես, այն եզրակացության, որ Ռուսաստանի իշխանությունները խախտել են Նավալնու ազատությունը և տարբեր միջոցառումների մասնակցելու իրավունքը:

Ալեքսեյ Նավալնին շուրջ 11 ամիս է անցկացրել տնային կալանքի տակ, մինչ դատարանը քննում էր «Իվ Ռոշե» հայտնի քրեական գործը Նավալնու ու իր եղբոր նկատմամբ: Այդ գործով Ալեքսեյ Նավալնին դատապարտվել էր պայմանական ազատազրկման, և հենց այդ դատական որոշման պատճառով էր, որ ընդդիմադիր գործիչը չէր կարողացել մասնակցել 2018 թվականի նախագահական ընտրություններին․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրան պարզապես չէր գրանցել որպես նախագահի թեկնածու՝ չնայած այն բանին, որ 2017-ին ՄԻԵԴ-ը արդեն որոշել է, որ «Իվ Ռոշեի» գործով Նավալնու նկատմամբ դատավարությունն արդար չէր, և պարտադրել էր Ռուսաստանի իշխանություններին Նավալնուն վճարել 76 հազար եվրո:

Այս գումարն ավելի ուշ ընդդիմադիր գործիչը ստացել, սակայն նրա նկատմամբ դատական որոշումը մնացել է ուժի մեջ, ինչի պատճառով էլ Ալեքսեյ Նավալնին չկարողացավ մասնակցել նախագահական ընտրություններին:

Ալեքսեյ Նավալնուն գրեթե միշտ բերման են ենթարկում իր կազմակերպած բողոքի ակցիաների ժամանակ և սովորաբար դատապարտում են 15 կամ 30-օրյա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG