Մատչելիության հղումներ

Ավագանու անդամ․ Ուղղակի ամոթ է, որ Երևանում չկա Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան փողոց


Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն «Ազատության» տաղավարում: 26-ը մարտի, 2019թ․
Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն «Ազատության» տաղավարում: 26-ը մարտի, 2019թ․

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Թեհմինե Վարդանյանը («Լույս») առաջարկում է Խորենացի, Գրիգոր Լուսավորիչ և Մաշտոց փողոցների անվանումներում ավելացնել «Սուրբ» բառը:

Վարդանյանն այսպես է հիմնավորում իր նախաձեռնությունը․ - «Մնացած քաղաքների, երկրների համեմատ, մենք գրեթե չունենք սրբադասված մարդկանց անուններով փողոցներ, բացի Սուրբ Աբգար թագավորի փողոցից»:

Վարդանյանի պնդմամբ՝ երեքն էլ վաղուց Հայ առաքելական եկեղեցու կողմից սրբադասվել են, այդպիսով պարզապես փաստն է արձանագրվում:

Նա օրինակ է բերում Իտալիայի Նեապոլ քաղաքի փողոցներից մեկը, որը կրում է սուրբ Գրիգոր Լուսավորիչ անունը․ - «Ուղղակի ամոթ է, որ Հայաստանում, Երևանում չկա Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան փողոց»։

Ավագանու անդամի խոսքով, առաջարկը ներկայացնելուց հետո բազմաթիվ բացասական արձագանքներ է ստացել, նրան մեղադրել են կրոնական քարոզի մեջ․ - «Էնպես չի, որ ես եմ այդ մարդկանց սրբադասել, կամ էստեղ եկեղեցական կամ կրոնական միտումներ չկան: Ոչ»:

Երեկ «Ազատության» եթերում մայրաքաղաքի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ ինքը դեմ է այս առաջարկին․ - «Ես ընհանրապես շատ չեմ սիրում անվանափոխություններ: Մի քիչ սխալ է: Կա խնդիր․ Գոհար Գասպարյանի պես օպերային երգչուհին, որը երկար տարիներ Հայաստանը և հայ ժողովրդին ներկայացրել է ամբողջ աշխարհում, նրա անվան փողոց դեռ չկա: Դա արդեն լուրջ խնդիր է , և ես առաջիկայում արդեն աշխատում եմ [այդ ուղղությամբ]: Որովհետև կան դիմումներ»:

Թեհմինա Վարդանյանը համաձայն է, որ այլ անվանափոխությունների կարիք կա: Նա հիշեցնում է, որ նախորդ ավագանու «Ելք» դաշինքի կազմում մի քանի փողոցների մասով առաջարկներ արել են․ - «Բերել էինք թվով վեց նախագծեր փողոցների անվանափոխության՝ Միկոյանի, Կասյանի․․․ Բայց նախկին քաղաքային իշխանությունները դեմ քվեարկեցին մեր նախագծերին: Թե դա պայմանավորված էր ռուսական թևի բորբոքումով, թե դա պայմանավորված էր ուղղակի մեր ընդդիմադիր լինելու հանգամանքով: Բայց կարծում եմ, անհրաժեշտություն կա վեր հանել տվյալ նախագծերը»:

Թեհմինա Վարդանյանին աջակցում է Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը․ - «Եվ կողմ եմ ոչ որպես հոգևարական, այլև որպես հայ մարդ, հայ քրիստոնա և Երևանի քաղաքացի»:

ՏԻՄ օրենքի համաձայն, նախագիծը կքննարկվի առաջիկա 4 ամիսների ընթացքում: Եթե չընդունվի, ըստ Վարդանյանի, ամոթալի կլինի ավագանու բոլոր անդամների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG