Մատչելիության հղումներ

Փաշինյանը ձգտում է Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակել մաքուր էջից. Թաթուլ Հակոբյան

update

Մեկնաբանի կարծիքով՝ սեփական օրակարգով ներկայանալն արդեն նորույթ է բանակցություններում:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձգտում է Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակել մաքուր էջից», - ասում է «Սիվիլնեթ»-ի մեկնաբան Թաթուլ Հակոբյանը՝ արձագանքելով Փաշինյանի երեկ ուշ երեկոյան արած հայտարարությանը, թե ինքը բանակցությունները սկսել է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իր սեփական կետից։

«Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից: Սա շատ կարևոր նրբություն է», - ասել էր վարչապետը:

Թաթուլ Հակոբյանի կարծիքով, և՛ Վիեննայի հանդիպմանը, և՛ դրանից առաջ արդեն ակնհայտ էր, որ Փաշինյանը «շուռ է տվել խաղատախտակը»․ - «Եվ ուզում է նոր պարտիա սկսել Ադրբեջանի հետ, որտեղ պետք է լինեն կարևոր հստակեցումներ: Եվ երկու հստակեցումները վերաբերում են հետևյալին. առաջին, բանակցությունները եթե շարունակվելու են Մադրիդյան սկզբունքների հենքով, ապա էնտեղ պետք է այդ երեք սկզբունքներն ու վեց տարրերի հետ կապված ինքնակամ մեկնաբանություններ չլինեն, հստակ պետք է հասկանանք, թե խոսքը ինչի մասին է: Երկրորդ պահը այն է, որ Փաշինյանը փորձում է վերականգնել այն ձևաչափը, որը գործել է 92-97 թվականներին», - «Ազատության» հետ զրույցում նշեց «Սիվիլնեթ»-ի մեկնաբանը։

Տարիներ շարունակ ղարաբաղյան հիմնախնդիրը լուսաբանած Թաթուլ Հակոբյանի կարծիքով՝ սեփական օրակարգով ներկայանալն արդեն նորույթ է բանակցություններում: Այլ բան է, որ Հայաստանի վարչապետը կարող է գնալ սեփական օրակարգով, սակայն չի կարող պարտադրել այն Ադրբեջանին և միջազգային հանրությանը։

«Կարելի է ասել, որ նա գնացել է իր օրակարգով, նոր օրակարգով: Արդյո՞ք դրան կհամաձայնի Ադրբեջանը, Ադրբեջանը ի՞նչ նոր առաջարկներ կանի, սա արդեն պետք է ցույց տա բանակցությունների պրոցեսը, որին, հուսամ, մենք ականատես կլինենք», - ընդգծեց Հակոբյանը։

Մյուս կողմից, ըստ Հակոբյանի, վարչապետ դառնալու առաջին շաբաթներից սկսած Փաշինյանը կարևորել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, ինչը դրական ազդեցություն է ունեցել գոնե սահմանային միջադեպերի նվազեցման տեսանկյունից։ Սակայն, մեկնաբանի կարծիքով, Վիեննայի հանդիպումից հետո, այնուամենայնիվ, նկատվում է հռետորաբանության կոշտացում․ - «Պաշտպանության նախարարի հայտարարությունները ամերիկահայ համայնքի հետ հանդիպման ընթացքում: Ընդհանրապես պրոբլեմատիկ է ոչ թե Պաշտպանության նախարարի այդ խոսքը, բնական է, նա Հայաստանի պաշտպանության նախարարն է: Պրոբլեմատիկ է, որ հակամարտության մեջ ներգրավված կողմերը տարբեր բառապաշարներ և տարբեր լեզուներ են օգտագործում իրենց ներքին լսարանի հետ շփվելու ժամանակ, իրենց սփյուռքի հետ շփվելու ժամանակ և տետ-ա-տետ բանակցությունների ընթացքում»:

Վիեննայում Փաշինյան - Ալիև բանակցություններից ընդամենը մի քանի օր անց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպմանը նշել էր․ - «Տարածքներ խաղաղության դիմաց ձևաչափը ես այսօր վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անում՝ նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց»։

Այս հայտարարությանը հաջորդեց վարչապետ Փաշինյանի մեկանբանությունը, թե Տոնոյանը նկատի է ունեցել՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը պետք է լինի հաղթել այդ պատերազմում։

Թաթուլ Հակոբյանի կարծիքով՝ Փաշինյանը ավելի ուշ փորձել է մեղմել Պաշտպանության նախարարի հայտարարարությունը․ - «Այս պայմաններում, երբ տեղի է ունենում Վիեննայի հանդիպում, կողմերը խոսում են եթե չասենք հնարավոր առաջընթացի, ապա ցանկության մասին՝ լուծելու, կարգավորում գտնելու, այսպիսի հայտարարությունները, բնականաբար, չեն նպաստում, և Ադրբեջանը դա օգտագործելու է՝ ասելով, որ տեսեք, հայկական կողմից նման հայտարարություններ են հնչում, և արդեն ասել է այդ մասին: Ինչը և մենք ենք հաճախ անում»:

Ղարաբաղյան բանակցությունները ոչ թե Սերժ Սարգսյանի ժառանգած, այլ սեփական կետից սկսելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ օրվա ընթացքում չհաջողվեց լսել նախակին իշխանության ներկայացուցիչների՝ հանրապետակնների տեսակետը. նրանք կա՛մ անհասանելի էին, կա՛մ հրաժարվում էին հարցազրույցից։

Բայց այս թեմայով ոմանք հանդես են եկել ֆեյսբուքյն գրառումներով: Մասնավորապես, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, գրել է, որ իսկապես Փաշինյանը սեփական կետից է սկսել բանակցությունները, քանի որ Սերժ Սարգսյանը նրան բանակցային ամուր դիրքեր էր ժառանգել, սակա,ն Փաշինյանը «հաջողությամբ թաղել է այդ օրակարգը և այսօր գլուխ է գովում, թե իր սեփական բանակցային կետից է սկսել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG