Մատչելիության հղումներ

Հիմք չկա Նաիրա Զոհրաբյանի կարգավիճակը վերանայելու. ԲՀԿ-ական պատգամավոր


Նաիրա Զոհրաբյանը բարեխղճորեն է կատարել իր աշխատանքային պարտականությունները և այդ իմաստով որևէ հիմք չկա նրա կարգավիճակը վերանայելու, այսօր Ազգային ժողովում՝ «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Մենք խմբակցությունով գտնում ենք, որ Նաիրա Զոհրաբյանի կողմից ո՛չ պատգամավորի վարքագծի էթիկայի կանոնների, ո՛չ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի, ո՛չ որևէ նորմատիվ իրավական ակտի դրույթի խախտում չի եղել, հետևաբար հիմքեր չկան իր թեկնածությունը վերանայելու», - ասաց Պետրոսյանը։

«Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանն անցած շաբաթ Ազգային ժողովում մասնակցել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հրավիրած լսումներին: Ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից՝ Մարտիրոսյանը բողոքել է սեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումներից և նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքից:

Տրանսգենդերի ելույթից հանկարծակիի եկած Նաիրա Զոհրաբյանը նկատողություն էր արել օրակարգից դուրս թեմաներ քննարկելու համար, ապա դուրս հրավիրել նրան նիստերի դահլիճից:

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով տեղի ունեցածին, նախ այն քաղաքական սադրանք որակեց, ապա ասաց. - «Այն պահվածքը, որը ցուցաբերում է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը, դա ընդհանրապես կասկածի տակ է դնում մարդու իրավունքների վիճակը, և այս պրովոկացիայի կազմակերպման արդյունքում, կարծում եմ, որ ԲՀԿ-ն պետք է մտածի՝ ընդհանրապես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում իրենց ներկայացրած հանձնաժողովի նախագահն արդյո՞ք Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է և ինքը համապատասխանո՞ւմ է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշներին, թե՞ ամբողջ խնդիրը նա է, որ կազմակերպել պրովոկացիա, սա քաղաքական պրովոկացիա է, և թիրախներն ուղղել «Իմ քայլը» խմբակցության դեմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG