Մատչելիության հղումներ

Արթուր Վանեցյանն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի պատվիրակությանը


Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի պատվիրակությանը՝ Կենտրոնի ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Ս. Գ. Դուդկոյի գլխավորությամբ։

Դուդկոն Հայաստանում է շտաբային բանակցությունների անցկացման նպատակով, Հայաստանում սեպտեմբերին նախատեսվող` ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի նախապատրաստման շրջանակներում:

Ըստ ԱԱԾ-ի, վարժանքին մասնակցելու են ԱՊՀ մասնակից պետությունների հատուկ ծառայությունները, 102-րդ ռուսական ռազմական բազան, ինչպես նաև Հայաստանի շահագրգիռ նախարարություններն ու գերատեսչությունները:

Կայացած հանդիպման ընթացքում կողմերը փոխանակել են կարծիքներ՝ ԱՊՀ մասնակից պետությունների սահմաններին ձևավորվող իրավիճակի և Սիրիայում ու Իրաքում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմից կրած լուրջ կորուստների հետևանքով վերջիններիս ռազմավարությունում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով ի հայտ եկող արդի սպառնալիքների վերաբերյալ:

Բացի այդ, քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների առջև ներկայիս փուլում կանգնած ծրագրերն ու խնդիրները:

Կողմերը նշել են նաև ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարի ոլորտում ՀՀ ԱԱԾ-ի և ԱՊՀ ՀԱԿ-ի միջև փոխգործակցության բարձր մակարդակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG