Մատչելիության հղումներ

Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 10-րդ հանդիպումը


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Եվրոպական միության միջև Մարդու իրավունքների շուրջ կանոնավոր երկխոսության հերթական 10-րդ հանդիպումը:

Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանը և Եվրամիությունն անդրադարձել են «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) իրականացման շարունակականությունն ապահովելու պատրաստակամությանը: Հայաստանում տեղի ունեցած վերջին ընտրություններից հետո ՀՀ քաղաքացիների շրջանում մեծ են ակնկալիքները ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության և ամրապնդման շուրջ: Համաձայնագրով Եվրամիությունը և Հայաստանի Հանրապետությունը հանձնառու են ամրապնդել հարգանքը հիմնարար ազատությունների նկատմամբ:

Կողմերը քննարկել են հավաքների և արտահայտման ազատությանը, ընտրական ոլորտի բարեփոխումներին, գենդերային հավասարությանը, հակախտրականության քաղաքականությանը, արդարադատության ոլորտի, քրեակատարողական հաստատությունների բարեփոխումներին, ինչպես նաև աշխատանքային իրավունքներին վերաբերող հարցեր: Լրատվությանն առնչվող ՀՀ օրենսդրության հետագա փոփոխությունները կարող են բարձրացնել թափանցիկության և բազմակարծության մակարդակը, նշված է հաղորդագրությունում:

Հայաստանը հաստատել է իր հանձնառությունը՝ հետամուտ լինելու արդարադատության ոլորտի, մասնավորապես՝ օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի ապահովման, դատական իշխանության անկախության, ինչպես նաև զսպումների և հակակշիռների արդյունավետ մեխանիզմի ուղղությամբ բարեփոխումների իրականացմանը:

Հայաստանն ու Եվրամիությունը քննարկել են Գենդերային հավասարության մասին 2019-2023 թվականների ազգային ռազմավարության նախագծի մշակումը:

Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցը: ԵՄ պատվիրակությունը ղեկավարում էր Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբբելսը: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գենդերային հարցերով գլխավոր խորհրդական Մարիա Մարինակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG