Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի ապրիլի 10-ին


Վերաքննիչ դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի ապրիլի 10-ին։

Այսօր դատարանը դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Պաշտպանական կողմը բողոքարկել էր Ազգային ժողովի նախկին պատգամավորի խափանման միջոց կալանքը մարտ ամսին ևս երկու ամսով երկարաձգելու դատարանի որոշումը։

Այսօրվա նիստին ներկա չէր Մանվել Գրիգորյանը, ով մարտի 25-ինց կալանավայրից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։ Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի պնդմամբ՝ իր պաշտպանյալի առողջական վիճակը ծանր է․ - «Կալանավորվելու պահին Մանվել Գրիգորյանը ունեցել է նորմալ գլյուկոզայի ցուցանիշ, չի ստացել ինսուլին, ներկայումս չորս-հինգ անգամ ավելի բարձր ցուցանիշ ունի և հիմա ստանում է ինսուլին: Իհարկե, մենք շատ ենք խոսում շաքարի մասին, բայց եկեք չմոռանանք, որ մենք գործ ունենք իրականում քաղցկեղով հիվանդ, հեռացված թոքով պաշտպանյալի հետ և այս դեպքում ինչ֊որ մեկնաբանություններ անել, թե այսպես է կամ այսպես չի՝ մարդը իրոք ծանր է, առողջական վիճակը լավ չի»:

Պաշտպանական կողմը պնդում է՝ Մանվել Գրիգորյանը չի կարող գտնվել անազատության մեջ, քանի որ Հատուկ քննչական ծառայությունը դեռ որևէ ապացույց չի ներկայացրել այն մասին, թե նա լինելով ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի քննությանը․ - «Իմ ասածները արդեն մի անգամ ապացուցվել են, Հատուկ քննչական ծառայության ենթադրությունները դեռևս մնում են այդպիսին՝ միայն ենթադրություններ, որովհետև Մանվել Գրիգորյանն արդեն եղել է ազատության մեջ և չի խոչընդոտել: Սրան ի՞նչ ավելացնեմ»:

6-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG