Մատչելիության հղումներ

Նախկին Խորհրդային Միության երկրներից յուրաքանչյուրն իր ձևով շատ ուզում է մերձենալ Եվրամիության հետ. Մոգերինի


Եվրամիության արտաքին հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ
Եվրամիության արտաքին հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ

Եվրամիությունը պատրաստ է երկարաձգել Արևելյան գործընկերության ծրագիրն ու շարունակել աջակցությունը նախկին Խորհրդային Միության վեց երկրներին, այդ թվում՝ Հայաստանին ժողովրդավարության կայացման, տնտեսական զարգացման ու վիզաների ազատականացման ուղղությամբ:

«Այս ծրագիրը մեր առաջնահերթություններից մեկն է», - այսօր Լյուսքեմբուրգում հայտարարեց Եվրամիությունում այժմ նախագահող երկրի՝ Ռումինիայի արտգործնախարար Թեոդոր Մալեշկանուն: Բարձրաստիճան դիվանագետը նշեց՝ Եվրամիությունը չի բացառում, որ ինչ-որ մի պահի նախկին Խորհրդային Միության այս երկրներն էլ կարող են դառնալ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ, միաժամանակ ընդգեց, որ այս պահին անհրաժեշտ է կենտրոնանալ այս փուլում իրատեսական խնդիրների վրա։

«Մեր կարծիքով, այս պահին այն, ինչ մենք կարող ենք անել՝ աջակցելն է դրական զարգացումներին բոլոր այս երկրներում, քանի որ այդ դրական փոփոխությունները այդ երկրների իշխանությունների համար չեն, քաղաքացիների համար են», - ասաց Թեոդոր Մալեշկանուն:

Մայիսին Եվրամիության 28 երկրների առաջնորդներն ու արտգործնախարարները Բրյուսելում համատեղ գագաթնաժողով կանցկացնեն Արևելյան գործընկերության անդամների հետ՝ նշելու ծրագրի հիմնադրման տասնամյակը: Ուղիղ տասը տարի առաջ` Պրահայում, Եվրոպական ընտանիքը հայտարարեց, թե պատրաստ է ֆինանսական ու տեխնիկական աջակցություն տրամադրել նախկին Խորհրդային Միության վեց պետություններին` այդ թվում Հայաստանին, ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների դիմաց: Առաջիկա մայիսին, կրկին նստելով մեկ սեղանի շուրջ, առաջնորդները կամփոփեն, թե ինչ է փոխվել այս ընթացքում և որ ծրագրերն են լինելու առաջնային գալիք տարիներին:

«Ռումինիայի համար, որպես ԵՄ-ում այժմ նախագահող երկրի, Արևելյան գործընկերության ծրագիրը առաջնայիններից մեկն է, մենք շատ ուրախ ենք, որ մայիսին այս հարցով Բրյուսելում համաժողով ենք անցկացնելու: Մենք պատրաստվում ենք համատեղ փաստաթուղթ ընդունել, որը կարտացոլի՝ ինչի ենք հասել մենք այս տասը տարիների ընթացքում, և կարձանագրի, որ մենք պատրաստ ենք ապագայում ևս քաջալերել այդ բարեփոխումները», - ասաց Ռումինիայի արտգործնախարարը:

«Ազատություն ռադիոկայան»-ի Բրյուսելի թղթակցի տրամադրության տակ է հայտնվել համատեղ այս հայտարարության նախագիծը, որում ասվում է՝ «այս գործընկերությունից շահում ենք բոլորս»:

Ամփոփելով մինչ օրս արձանագրված զրագացումները՝ Եվրամիության առաջնորդները միաժամանակ փաստում են, որ հաջորդ տասնամյակում՝ մինչև 2020 թվականը, կենտրոնանալու են գործնական համագործակցության, տնտեսական զարգացման, շուկայական հարաբերությունների, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, արդյունավետ կառավարման, օրենքի գերիշխանության, ինչպես նաև տեղաշարժի ազատականացման ու մարդկանց միջև շփումների վրա: Այսօր փաստաթղթի նախագիծը քննարկման էր դրվել Լյուսքեմբուրգում՝ Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների նիստում: Հանդիպման ավարտին Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին պնդեց՝ լուրջ ձեռքբերումների ենք հասել, սակայն սա ճանապարհի սկիզբն է միայն:

«Եթե ետ նայեք 5 կամ 6 տարի, կտեսնեք, որ մենք հսկայական առաջընթաց ենք արձանագրել՝ վիզաների ազատականացումից մինչև առևտուր ու տնտեսական ներդրումներ: Ակնհայտորեն, շատ բան կա դեռ անելու, հատկապես լավ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերիշխանության ուղղությամբ: Մենք հանձնառու ենք շարունակել համագործակցությունն այս ուղղությամբ արևելյան մեր գործընկերների հետ: Մեկ բան ակնհայտ է, և դա ես տեսնում եմ նաև իմ շփումներում՝ այդ երկրներից յուրաքանչյուրն իր ձևով շատ ուզում է մերձենալ Եվրամիության հետ, և մենք ուզում ենք երաշխավորել, որ այդ ցանկությունը համարժեք արձագանք ստանա նաև Եվրամիության կողմից», - ընդգծեց Ֆեդերիկա Մոգերինին:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալու առաջին իսկ օրից հայտարարում է Եվրամիության հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին, և ընտրությունից հետո արդեն երկու անգամ այցելել է Բրյուսել: Ակնկալվում է, որ առաջիկա մայիսին էլ նա ներկա կլինի Արևելյան գործընկերության տասնամյակի հանդիսավոր միջոցառումներին, որին, ի դեպ, մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Բրյուսելից հաղորդում են, որ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մայիսի 13-ին հանդիսավոր ընթրիք է հրավիրելու Եվրամիության առաջնորդների ու նախկին Խորհրդային Միության վեց երկրների ղեկավարների մասնակցությամբ, հաջորդ օրն էլ Եվրոպական հանձնաժողովն է այդ առիթով բարձր մակարդակով միջոցառում անցկացնելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG