Մատչելիության հղումներ

Վանաձորում դպրոցի աշակերտները դասադուլով են դիմավորում նորանշանակ տնօրենին


Armenia -- Pupils in Vanadzor Protest Against the Appointment of a New Principle. 08April, 2019
Armenia -- Pupils in Vanadzor Protest Against the Appointment of a New Principle. 08April, 2019

Վանաձորի թիվ 20 դպրոցի 520 աշակերտների մի մասը պայքարի է դուրս եկել։

Ուզում են նորանշանակ տնօրեն Կարինե Մարգարյանի փոխարեն տեսնել իրենց սիրելի փոխտնօրեն Մարիետա Հարությունյանին, ով թափուր պաշտոնի համար մրցույթին մասնակցած 11 թեկնածուներից մեկն է եղել։

Դասադուլի մասնակիցները չեն ընդունում դասի գնալու ուսուցիչների հորդորները։

Տնօրենի թափուր պաշտոնի 11 թեկնածուներից որևէ մեկն ընտրություններին չի ստացել անհրաժեշտ հինգ ձայնը։ Այս դեպքում, ըստ նախատեսված կարգի, փոխվարչապետն է ընտրություն կատարել առավելագույն՝ 4 ձայն ստացած փոխտնօրենի և 3 ձայն ստացած Կրթության ազգային ինստիտուտի մասնագետ Կարինե Մարգարյանի միջև։ Ոչ թե փոխտնօրենին, այլ Կարինե Մարգարյանին տնօրեն նշանակելը աշակերտները համարում են անարդարություն։

«Բոլորն էլ գիտեն, որ չորսը երեքից մեծ ա, ընկեր Հարությունյանը պետք ա ընտրվի նրա համար, որ ունի չորս ձայն: Իսկ ընկեր Կարինեն՝ մեր տնօրենը, ինքը ունի երեք ձայն», - ասաց աշակերտներից մեկը:

Ուսուցիչները հայտարարում են, որ միահամուռ կողմ են նորանշանակ տնօրենին և պնդում են, թե աշակերտների դասադուլը հրահրված է դրսից՝ քաղաքական ուժերի կողմից։

Անուններ են տալիս: Տնօրենի նշանակվելուց հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ են ելումուտ անում դասասենյակներ ու դասադուլի կոչեր հնչեցնում․ - «Օտար մարդիկ են եկել դպրոց, երեխաներին դասարաններից հանում են և աշակերտների ներկայությամբ վիրավորում ուսուցիչներին»:

Դպրոցի կազմակերպչական գծով փոխտնօրեն Մարիետա Հարությունյանը, ում չի հաջողվել տնօրեն դառնալ, պնդում է, որ դպրոցում կազմակերպում է ամեն ինչ, բայց ոչ դասադուլ։ Տեղյակ չէ, թե ովքեր են դրսից եկողները, հանուն ինչի են իրարանցում մտցրել, բայց ասում է՝ հարգում է երեխաների բողոքելու սահմանադրական իրավունքը․ - «Ձևավորվել ա էն կարծիքը, որ իբր կազմակերպիչը ես եմ: Ես կազմակերպիչ չեմ, չեմ կազմակերպել»:

Մինչև հեղափոխությունը Հանրապետական կուսակցությանն անդամակցած փոխտնօրենը հաստատում է՝ ընդամենը չորս ամիս պաշտոնավարած ԲՀԿ-ական նախկին մարզպետ Հրանտ Մարգարյանի ավագ դուստրը իրենց շրջանավարտն է, որդին՝ այս դպրոցի 8-րդ դասարանում է սովորում․ - «Նախկին մարզպետի երեխաները սովորում են մեր դպրոցում: Ի՞նչ կապ ունի դա, եթե էն մարդու էրեխեքը էս դպրոցի աշակերտներ են»:

Նախկին մարզպետի որդին՝ 8-րդ դասարանցի Կառլեն Մարգարյանը, պնդեց, որ «Բարգավաճ Հայաստանի» անդամ իր հայրն ու նրա կողմնակիցները որևէ առնչություն չունեն տեղի ունեցածին։ Չհերքեց նաև, որ ինքը դասադուլի ակտիվ մասնակիցներից է, անգամ՝ կազմակերպիչ, և պայքարում է, ըստ իրեն, տնօրենի միակ արժանի թեկնածուի՝ փոխտնօրեն Մարիետա Հարությունյանի օգտին։

Նորանշանակ տնօրեն Կարինե Մարգարյանն այսօր փորձեց երկխոսել դասադուլի մասնակիցների հետ։ Բազմաթիվ աշակերտների դասավանդած և ուսուցիչների վերապատրաստած մանկավարժը երեխաներին վստահեցրեց՝ իրենց սիրելի փոխտնօրենը աշխատանքից չի ազատվելու, իսկ 520 երեխաների համար լինելու է իսկական ընկեր․ - «Ինչպես տեսաք, ես գազան չեմ, որևէ մեկիդ համար քննությունները ցնցումային չեն լինելու, ինչպես որ ձեզ ներկայացվել ա: Ես մարդ եմ, որը ունի երեխաներ, ինչպես դուք եք, մարդ եմ, որն ուսուցիչ ա և քսան տարի շփվում ա աշակերտների հետ»:

Նախկին մարզպետի որդու դասընկերները հայտարարեցին, թե չեն ընդունում տնօրենի հորդորները և վաղը կշարունակեն դասադուլը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG