Մատչելիության հղումներ

Հայաստանից մարդասիրական օգնության շարասյունն ուղևորվել է Իրան


Իրան - Ջրհեղեղը Խուզեստան նահանգի Ահվազ քաղաքում, 31-ը մարտի, 2019թ․
Իրան - Ջրհեղեղը Խուզեստան նահանգի Ահվազ քաղաքում, 31-ը մարտի, 2019թ․

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻՆ) դեպի Իրան շարժվեց ջրհեղեղից տուժած ազգաբնակչությանը օժանդակություն ցուցաբերելու նպատակով մարդասիրական օգնության շարասյունը:

ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ օգնության խմբաքանակը Իրանի բարեկամ ժողովրդին տրամադրվել է Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակներում՝ Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության միջոցով: Այն ներառում է 40 վրան, 250 մահճակալ և 4000 ծածկոց: Շարասյան ավարտական կետը Իրանի Թավրիզ քաղաքն է, որտեղ և խմբաքանակը կփոխանցվի Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությանը:

Միջոցառմանը ներկա էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչներ:

Ցոլակյանը նշել է, որ Իրանին պատուհասած աղետը աննախադեպ էր իր չափերով և ծավալներով, շեշտելով, որ բնական տարերքի վտանգը դեռևս պահպանվում է և կարող է հասնել մայրաքաղաք Թեհրան:

Մարտի 28-ին ԱԻ նախարարի և Իրանի դեսպանի հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ջրհեղեղից տուժածներին օժանդակելու համար բանակցել Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության հետ:

«Նույնպիսի տրամադրվածություն կար նաև ռուսական կողմի մոտ, և Ռուսաստանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող պայմանագրի շրջանակներում, օգտագործելով Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հնարավորությունները, մենք փորձում ենք փոքր-ինչ օգտակար լինել Իրանի Իսլամական Հանրապետությունը և հայտնում ենք մեր պատրաստակամությունը հետագայում նույնպես օգնության ձեռք մեկնելու կապակցությամբ»,- նշել է Ֆելիքս Ցոլակյանը:

Սեյեդ Քազեմ Սաջադին, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ «մարդասիրական զգացմունք ցուցաբերելու համար»: «Այս օգնությունը մարդասիրության շատ խորհրդանշական նշան է»,- ասել է Իրանի դեսպանը:

Դիվանագետը նշել է, որ Հայաստանի և Իրանի մեջ գոյություն ունեցող հարաբերությունների վկայությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած արդյունավետ այցն էր:

Իր խոսքը դեսպանը եզրափակեց հայերեն «Շնորհակալություն» արտահայտությամբ:

Իրանում արդեն շաբաթներ շարունակվող ջրհեղեղների հետևանքով, վերջին տվյալներով, շուրջ յոթ տասնյակ մարդ է զոհվել, հազարավոր մարդիկ տեղահանվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG