Հունաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի սահմանին արդեն երրորդ օրն է լարված իրավիճակ է՝ տեղի են ունենում բախումներ միգրանտների խմբերի և ոստիկանական ուժերի միջև:
Ապրիլի 6-ին ոստիկանությունն արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ է կիրառել այն բանից հետո, երբ միգրանտները սկսել են քարեր նետել նրանց վրա:
Հունաստանի իշխանությունները հայտնել են, որ բախումներն առաջացել են սոցցանցերով տարածված կեղծ լուրերի պատճառով, թե իբր Կենտրոնական Եվրոպա մտնելու համար վերացվել են սահմանային արգելքները:
Կեղծ լուրերով հաղորդվել է, թե վերջին 3 տարիներին միգրանտների դիմաց փակված սահմանը վերաբացվել է և նույնիսկ ոչ կառավարական կազմակերպությունները ավտոբուսներ են վարձակալել նրանց տեղափոխելու համար:
Այս կեղծ լուրերի արդյունքում, ապրիլի 4-ից միգրանտները հասել են Հունաստանի սահմանը և ցանկանում են առաջ շարժվել դեպի Կենտրոնական Եվրոպա:
«Մենք պետք է մշտապես պայքարենք կեղծ լուրերի դեմ»,- «Ասոշիեյթիդ Փրես»-ին ասել է միգրանտների հարցերով զբաղվող նախարարության համակարգող Նիկոս Ռագոսը: