«Մենք գիտենք ցեղասպանության աղետի խորությունը: Դա տեղի է ունեցել հայերի հետ, որին հետևել են Հոլոքոսթը, Ռուանդայի ցեղասպանությունը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Կիգալիում ռուանդական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում:
«Հայաստանը և Ռուանդան կարծում եմ միասին աշխատելու հսկայական ներուժ ունեն՝ ի նպաստ մեր երկու երկրների, երկու ժողովուրդների։ Մենք կիսում ենք ընդհանուր ողբերգական պատմություն և այդ կորստի, այդ հսկայական հանցագործության բեռը հաղթահարելու և վերացնելու փորձը։ Մենք Ռուանդայի հետ համատեղ աշխատում ենք միջազգային մակարդակով ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ», - ասել է նախարարը՝ հավելելով. - «Ելնելով մեր սեփական, մեր ժողովրդի փորձից՝ մենք գիտենք, որ եթե խնդրին չես անդրադառնում, եթե չես պայքարում այդ հանցագործության դեմ, ապա այն հետապնդելու է սերունդներին: Այն հետապնդում է մեր ժողովրդի սերունդներին, քանի որ ողբերգության խորությունը զազրելի է»։
«Ուստի մենք պետք է գործենք և աշխատենք միասին: Հայաստանը և Ռուանդան լուրջ և կարևոր ներդրում են կատարում ցեղասպանությունների, զանգվածային վայրագությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում: Մենք մտադիր ենք շարունակելու աշխատել միասին: Մենք նաև զարգացման հսկայական ներուժ և փորձ ունեցող երկրներ ենք, կարծում եմ, որ մենք այստեղ ունենք նաև ընդհանրություններ: Մենք ունենք ունենք խելացի զարգացման միջոցով մեր երկրի, ժողովրդի կարողություններն ուժեղացնելու և ընդլայնելու փորձառություն», - նշել է Մնացականյանը:
«Իհարկե, իմ այցի կարևորագույն մասն է կազմում ապրիլի 7-ը: Ես այստեղ եմ եկել հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության անունից՝ մեր համերաշխությունը հայտնելու Ռուանդայի կառավարությանը և ժողովրդին՝ Ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված հիշատակման միջոցառումների անցկացման կապակցությամբ, և հենց սա է մեր այցի հիմնական նպատակը: Այցի ժամկետների ընտրության հարցում մեր ուշադրությունը կենտրոնացրել էինք հենց ապրիլի 7-ի վրա», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:
«1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը սկսվել է ըստ նախապես մշակված ծրագրի, որի նպատակն ամբողջ ժողովրդի ոչնչացումն էր՝ պայմանավորված ազգային պատկանելությամբ: Եվ հենց այս իրադարձություններն էին, որոնք ընկած են իրավաբանների և գիտնականների, մասնավորապես՝ ցեղասպանության մասին կոնվենցիայի հիմնադիր և հեղինակ Ռաֆայել Լեմկինի հետազոտությունների հիմքում, ով իր ամբողջ կարիերան նվիրեց այս երևույթի ուսումնասիրությանը՝ փորձելով հասկանալ, թե ինչու են տեղի ունենում նման երևույթներ։ Հետագայում նա հեղինակեց ցեղասպանության եզրույթը և իրավական ուժ հաղորդեց դրան։ Միջազգային հանրությունը ընդունեց ցեղասպանության մասին կոնվենցիան 1948 թվականին, որի հիմնական աղբյուրը կազմում էր Հայոց ցեղասպանության մասին ուսումնասիրությունը», - նշել է Մնացականյանը և շարունակել. - «Գիտե՞ք ինչն է ամենաանհանգստացնողը․ դրանք մի քանիսն են: Առաջինը, մենք ձախողել ենք այդ ոճրագործության ճանաչման գործում։ Մենք ձախողել ենք ճանաչել սերունդներին հասցված այն վնասը, երբ արդարությունը ժխտվում է։ Այժմ հինգերորդ սերունդն է, ովքեր հանդիսանում են ցեղասպանություն վերապրածներ կամ դրանց հետնորդներ»:
«Ամեն անգամ մենք՝ միջազգային հանրությունը, բարձրաձայնում ենք «այլևս երբեք», սակայն դա բավարար չէ: Ինքներս մեզ հարց ենք տալիս՝ արդյո՞ք ցուցաբերում ենք ծանրակշիռ մոտեցում, արդյո՞ք դա բավարար է, արդյո՞ք մենք բավարար ուշադրություն ենք դարձնում ցեղասպան հակվածությունների նախանշաններին, որոնք կարող են կանխորոշվել առավել վաղ փուլում։ Արդյո՞ք մենք կիրառում ենք վաղ արձագանքում՝ կանխարգելելու համար, թե թույլ ենք տվել, որ այն հանգեցնի աղետի», - Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ շեշտել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: - «Դրանք շատ կարևոր և դժվարին դասեր են եղել մեզ համար: Մենք հավատում ենք, որ բոլոր նախանշանները տեսանելի են: Ազգերը, նախևառաջ պետությունները, միջազգային հանրությունը պարտավոր է հավաքական կերպով արձագանքել նախանշաններին և երբեք թույլ չտալ, որպեսզի դրանք հասնեն մի կետի, երբ փլուզվում է ողջ համակարգը: Մինչ օրս մենք՝ հայերս, բախվում ենք Ցեղասպանության հերքմանը»:
«Բայց մենք մեզ համարում ենք հաղթողներ, քանի որ մենք պետք է բնաջնջված լինեինք երկրի երեսից: Բայց այսօր մենք ինքնավստահ ժողովուրդ ենք՝ հզոր և հպարտ իր ինքնությամբ, պատմությամբ, քաղաքակրթութամբ, որը բարգավաճող համայնքներ ունի աշխարհի տարբեր ծայրերում, ունի ազգային պետություն, երկիր: Եվ սա է մեր պատասխանը նրան, ինչը կոչված էր իսպառ բնաջնջելու մեզ: Մյուս կարևոր հարցն այն է, որ ժխտված ցեղասպանությունը, ցեղասպանության ճանաչման ժխտումը, ժխտողականությունը շատ ցավալի է, որը հետապնդում է սերունդների», - հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը:
Հայաստանի արտգործնախարարը այսօր հանդիպել է Ռուանդայի արտաքին գործերի և համագործակցության նախարար Ռիչարդ Սեզիբերայի հետ:
Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է միջազգային հարթակներում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի և Ռուանդայի միջև առկա համագործակցությունը, նախարարներն ընդգծել են երկկողմ պատրաստակամությունը՝ խթանելու Հայոց ցեղապսանության ինստիտուտ-թանգարանի և Ռուանդայի ցեղասպանության թանգարանի միջև համագործակցությունը: Ռուանդային արտաքին գործերի և համագործակցության նախարարը ներկայացրել է հաշտեցման գործընթացի Ռուանդայի փորձը: