Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն ճիշտ է ընդունել վարչապետի հանձնարարականը և գործել է իր լիազորությունների շրջանակում. Իոաննիսյան


«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյան, արխիվ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյան, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) դեռ չի շտապում հայտնել ձերբակալված՝ «Դուխով Հայաստան բաց հասարակություն» ֆեյսբուքյան ֆեյք էջի տակ թաքնված անձի անունը։

Այսօր ԱԱԾ մամուլի կենտրոնից «Ազատությանն» են փոխանցել Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացությունը «Դուխով Հայաստան բաց հասարակություն» ֆեյք էջի վերաբերյալ, ըստ որի. «Դուխով Հայաստան» անվամբ գրանցված օգտատիրոջ կատարած գրառումներում առկա են բացասական գնահատականներ Հայաստանի ազգային հերոսի, Էջմիածնի Մայր տաճարի և Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանում գործող կրոնական կազմակերպության գերազանցությունը շեշտադրող, ազգամիջյան հարաբերություններում սեպ խրող և դրանք խաթարող, կրոնական կազմակերպության դեմ արշավողների, Հայաստանի քաղաքացիների և քաղաքական գործիչների նկատմամբ սպառնալիք արտահայտող ու բռնարարական գործողություններ իրականացնելու կոչեր պարունակող արտահայտություններ և ձևակերպումներ»։

Հինգշաբթի՝ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսում սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է»։

Դիմելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ Փաշինյանը հույս հայտնեց, որ նրա ղեկավարած ծառայությունը այս հարցում կկարողանա ապահովել արդյունքներ և կոշտ հակահարված տալ ֆեյքերին, իհարկե՝ կասկածի տակ չդնելով խոսքի ազատության իրավունքը:

Երեկ էլ ԱԱԾ տնօրենն ասաց՝ արդեն իսկ կատարել է վարչապետի հանձնարարականը։

«Այսօր ձերբակալվել է մեկ անձ, որը շատ հայտնի...., Ֆեյսբուքում մի էջ կա, որը ակնհայտ ապատեղեկատվություն է տարածում, դա «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջն է, որը, կարծում եմ, բոլոր օգտատերերը շատ լավ գիտեն։ Այդ էջի տակ թաքնված անձը պարզաբանվել է, հայտնաբերվել է և ձերբակալվել է։ Հարուցվել է քրեական գործ ռասայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։ ԱԱԾ-ն չի պայքարում ֆեյքերի դեմ, ԱԱԾ-ն պայքարում է այն հայտարարությունների և այն հայտարարություն անողների դեմ, որոնց պարունակության մեջ կա հանցակազմ», - նշեց Վանեցյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանեիլ Իոաննիսյանը, ով ավելի վաղ կարծիք էր հայտնել, թե կեղծ լուրեր հրապարակելը հանցագործություն չէ, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ԱԱԾ-ն ճիշտ է ընդունել վարչապետի հանձնարարականը և գործել է իր լիազորությունների սահմաններում։ Նշեց՝ ուսումնասիրելով այդ էջի հրապարակումները, ակհայտ է, որ հեղինակի կողմից իրականացվում է կրոնական թշնամանքի տարածում։

«Դատելով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի մեկնաբանությունից՝ իրենք հասկացել են վարչապետի հանձնարարանքը, որ իրենք պետք է զբաղվեն կեղծ լուրերով այն դեպքում, երբ որ դրանք զուգորդվում են այլ հանցագործություններով, այլ արարքներով, որոնք հանցագործություն են պարունակում։ Սա ողջունելի է, և սա նշանակում է, որ Ազգային անվտանգության ծառայությունը գոնե չի ընկալում, որ ինքը պետք է պայքարի կեղծ լուրերի դեմ, որովհետև նման ֆունկցիա ԱԱԾ-ն չունի և չի կարող ունենալ։ Արձանագրենք, որ կեղծ լուրը հանցագործություն չի և չի կարող լինել, եթե չի զուգորդվում այլ արարքների հետ, որոնք Քրեական օրենսգրքով արգելված են», - ընդգծեց Իոաննիսյանը՝ շարունակելով. - «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ ենթադրում են, որ հենց ազգային անվտանգության մարմինների քննիչները պետք է զբաղվեն ազգային, ռասայական, կրոնական ատելության տարածման դեմ պայքարով և այդ գործերի բացահայտմամբ։ Այստեղ օրինական է, որ Ազգային անվտագության ծառայությունը դրանով զբաղվում է, և այդ էպիզոդով, որը որ վերաբերում է կրոնական ատելությանը՝ «Կյանքի խոսք»-ի հետ կապված, այդ էպիզոդով զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը։ Սա ամբողջությամբ օրինական է»։

«Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջն ապրիլի 4-ից այլևս ակտիվ չէ։ Նախքան դա, էջում մեծամասամբ տեսնում ենք նոր կառավարությանը ծաղրող նկարներ, որոնք ուղեկցվում են հայհոյանքներով, գրառումներում կան ակնհայտ ապատեղեկատվություններ․ օրինակ՝ «Վաճառվում է Օպերայի շենքը, տարածքը հարմար է կազինոյի կամ գիշերային ակումբի համար», կամ՝ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարեց, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ձերբակալված են, հարուցվել է քրեական գործ»: Ի դեպ, այս էջը թիրախավորել է նաև Դանիել Իոաննիսյանին, ով պատրաստվում է իրավական դաշտում լուծել խնդիրը։

«Երբ որ հրապարակվի, թե ով կամ ովքեր են ադմինները, մենք նաև կքննարկենք իրենց դեմ քաղաքացիական հայցով հանդես գալու հնարավորությունը՝ վիրավորանքի ու զրպարտության համար։ Ըստ էության, անկախ նրանից, թե վերջում մեղադրական դատավճիռ կլինի, թե չի լինի, նախ հասարակությունը կիմանա, թե իրականում ով կամ ովքեր էին կանգնած այդ էջի հետևում, որովհետև այդ էջը բավական էական քանակությամբ գումարներ էր ծախսում Ֆեյսբուքում իր հրապարակումները, երբեմն անգամ անհեթեթ հրապարակումները տարածելու համար։ Մյուս կողմից՝ սա հնարավորություն կտա նրանց, ում այդ էջը զրպարտել կամ վիրավորել է, դատի տալ և քաղաքացիական դատարանում արդեն որևիցե ձև, ըստ էության, պատժել այդ էջին նման գործուներւթյան համար», - ասաց Իոաննիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG