Մատչելիության հղումներ

Նպաստների տրամադրման ոլորտում շարունակվող կոռուպցիայի ահազանգերը առավել հաճախ Շիրակից են


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերլուծության և մոնիտորինգի վարչության պետ Հայկ Մուրադյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերլուծության և մոնիտորինգի վարչության պետ Հայկ Մուրադյան

Սոցապ նախարարությունը դիմել է գլխավոր դատախազին՝ խնդրելով ուսումնասիրել երկու քաղաքացիների դիմումներ, որոնցում նրանք ահազանգում են՝ սոցիալական ծառայության տեսուչը իրենցից գումար է ուզել նպաստ նշանակելու համար։

«Ըստ քաղաքացու՝ երկու ամսվա նպաստ, որը, ըստ քաղաքացու, կազմելու էր մոտավորապես 80 հազար դրամ», - ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերլուծության և մոնիտորինգի վարչության պետ Հայկ Մուրադյանը։

Մուրադյանն ասում է՝ կոռուպցիոն բոլոր ահազանգերի դեպքում ուղիղ դատախազություն են դիմում. «Որպեսզի դատախազը գլխավոր համապատասխան ընթացք տա, քանի որ նյութում կամ բողոքում տեսել ենք առերևույթ քրեական տարր»։

Վերջին մի քանի բողոքները Գյումրու թիվ 1 սոցիալական աջակցության տարածքային բաժնի տեսուչներից են ու տնօրենից։ Նրանք երկու ամսվա նպաստ են պահանջել։ Բողոք գրած քաղաքացիների անունները չենք հրապարակում։

Ահազանգը հաստատեց մեկ այլ գյումրեցի՝ Կարեն Ասմարյանը, որի բողոքը դեռ սոցապին չի հասել, բայց նույն պատմությունն է. «Մենակ տեսուչը չէ՝ նույնիսկ տնօրենն էլ հետը: Ինքը ասում ա՝ «18 հազար տուր, ես կարգավորեմ քո նպաստը», իրանք վերցնում են երկու ամսվա նպաստը, դասավորում են, նպաստը կարգավորում են, նպաստը ստանում են: նախկինում էլ ա եղել, հիմա էլ կա, ոչ թե հերքում եմ, ասում եմ՝ տենց բան չկա, չի կարող լինել»։

Սոցիալական աջակցության Գյումրի 1 տարածքային բաժնի ղեկավար Արտաշես Եգորյանն այս վերջին բողոքին լավ ծանոթ է։ Պնդում է՝ Կարենը նպաստ է ստացել և զուգահեռ աշխատել է, այդ մասին տեղեկացել են, երբ Պետեկամուտների կոմիտեից ստացել են տվյալները։ Պարտավոր են հետգանձում անել, տեսուչը ահա այդ գումարն է պահանջել։

«Ինքը խաբել է։ Նա պարտավոր է, եթե ինքը աշխատանքի ընդունվում է, պարտավոր է տեսուչին բերել այդ փաստաթուղթը», - նշեց Եգորյանը։

«Ազատության» հարցին, թե պնդո՞ւմ է, որ այդ 18 հազարը հետգանձում է, ոչ թե կաշառքի պահանջ, Եգորյանը պատասխանեց. «Իհարկե»։

Սոցաջակցության տարածքային բաժնի ղեկավարն ասում է՝ նախկինում եղել է ավանդույթ, բայց հիմա բացառում է, թե այդ սխեման ուժի մեջ է։

Սոցապ նախարարության գնահատմամբ՝ կոռուպցիան նպաստների տրամադրման ոլորտում զգալի նվազել է, քանի որ սոցաջակցության տարածքային 55 կառույցների ղեկավարների մեծ մասը հեռացվել է, ընդ որում՝ քրեական պատմությամբ։ Բայց հեղափոխությունից հետո բարձրաձայնողներն են շատացել։

«Անցած տարվա մայիսից մինչև տարվա վերջ մեր վարչությունով անցել է մոտավորապես 50, այս տարի՝ մոտավորապես 20-25, դեռ տարվա սկիզբն է, էդպիսի պարունակությամբ նամակ», - ասաց Հայկ Մուրադյանը։

Ահազանգերը ավելի հաճախ Շիրակի մարզից են, իսկ Տավուշից, Սյունիքից ու Գեղարքունիքից այս տարի առայժմ ոչ ոք սոցապին բողոք չի ուղղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG