Մատչելիության հղումներ

Լոռու մարզպետարանի ուսումնասիրություններով խախտումներ են արձանագրվել 25 դպրոցներից գրեթե բոլորում


Լոռու մարզի Աքորի գյուղի դպրոցը, արխիվ

Լոռու մարզպետարանն ուսումնասիրություններ է իրականացրել մարզի 25 դպրոցներում։ Անակնկալ շրջայցերի արդյունքում խախտումներ են արձանագրվել գրեթե բոլոր դպրոցներում, «Ազատությանն» ասաց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը։

«Կան բացթողումներ, կան թերություններ, որոնք արձանագրում ենք, որոնք հնարավոր է կարճ ժամանակում շտկել՝ տալիս ենք ժամանակ, որպեսզի տնօրենները այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկեն, և մենք մյուս շրջայցի ընթացքում արձանագրում ենք կատարված փոփոխությունները», - նշեց Հարությունյանը։

Մասնավորապես՝ Ալավերդու թիվ 4 դպրոցում շենքի պահպանության, առանձին դասասենյակների լուսավորության հետ կապված խնդիրներ են եղել։ Պարզվել է, որ հաշվապահն աշխատանքի է ներկայանում ոչ սահմանված ժամաքանակով: Նմանատիպ խնդիր է հայտնաբերվել նաև Վանաձորի թիվ 22 դպրոցում: Աքորու դպրոցում խիստ ցածր մակարդակի վրա է եղել մատենավարությունը: Շահումյանի դպրոցում սանիտարահիգիենիկ վատ պայմաններ են եղել։ Տնօրենին հանձնարարվել է վերանորոգել սանհանգույցներն ու ճաշարանը: Դպրոցներից մեկում հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված ներառական դասասենյակը տեղակայված է եղել 4-րդ հարկում:

Ոլորտի մարզային պատասխանատուն ասում է՝ իր համար զարմանալի փաստեր են հայտնաբերվել հատկապես դպրոցների տնտեսվարության մեջ։

«Կան դպրոցներ, որտեղ, կարելի է ասել, բարձիթողի վիճակ է տիրում, և իմ կարծիքով՝ դա նրա արդյունքն է, որ երկար տարիներ այդտեղ շրջայցեր չեն կատարվել։ Կարող եմ նշել ուղղակի մի երկու դպրոցներ, որտեղ ինձ համար տարակուսելի վիճակ է եղել: Մասնավորապես, երկու օր առաջ եղել ենք Մեծավանի թիվ 2 դպրոցում և տեսել ենք, որ կա շատ անմիխիթար վիճակ՝ և՛ գույքի պահպանման, շենքի պահպանման, և՛ սանիտարահիգիենիկ պայմանների առումով», - ասաց Ռաֆայել Հարությունյանը։

Մարզպետարանի պաշտոնյան շեշտում է՝ բոլոր դպրոցների շենքի ու գույքի պահպանության համար պետությունը տրամադրում է ֆիքսված գումար։ Չի ընդունում արդարացումները, թե փոքր բյուջեով հնարավոր չէ բավարարել աշակերտների նվազագույն կարիքները։

«Նույն աշակերտների թվով դպրոցներում ունենք շատ խիստ տարբեր պայմաններ, որը պայմանավորված չէ գումարներով, այլ պայմանավորված է կոնկրետ տնտեսվարողի մոտեցումներով և ֆինանսական միջոցների ճիշտ կամ աննպատակ ծախսման հետևանքով», - ընդգծեց Հարությունյանը։

Ռաֆայել Հարությունյանն ասաց, որ արձանագրված տվյալները կներկայացնեն մարզպետին. «Մարզպետը կորոշի կարգապահական տույժի ենթարկելու աստիճանը, այսինքն՝ խիստ նկատողություն, նկատողություն։ Կան դպրոցի տնօրեններ, որոնք էս ընթացքում ևս մեկ անգամ արժանացել են կարգապահական տույժի, հնարավոր է, որ նման դեպքերի կրկնության դեպքում ունենան երկրորդ նկատողությունը, և հարց բարձրացվի նրանց հեռացման վերաբերյալ»։

Օրերս Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Լոռու մարզում լրագրողներին ասել էր, որ կրթական տեսչական մարմինը ևս ստուգումներ է իրականացրել հանրապետության մի շարք դպրոցներում, այդ թվում՝ Լոռիում։

«Փորձում ենք խախտումների ընդհանուր օրինաչափություններ վերհանել և օգնել տնօրեններին վերացնելու այդ խնդիրները։ Բայց այն տնօրենները, որոնք համառորեն չեն շտկում այդ խնդիրները, ավելին՝ նաև էս վերջերս էլ եղան կոռուպցիոն նոր սկանդալներ դպրոցներում, պետք է դրան զուգահեռ էնպես անել, որ էդ մարդիկ այլևս տեղ չունենան դպրոցներում, և հիմա մեր նախարարությունը, մասնավորապես, փորձում է իրավական միջոցներով էնպիսի մի իրավիճակ ստեղծել, որ դպրոցներում կոռուպցիոն որևէ մեխանիզմների մեջ ներգրավված՝ կլինեն տնօրեններ, ուսուցիչներ, կազմակերպիչներ, այլևս հնարավորություն չունենան մուտք գործելու դպրոց էդ բացահայտումներից հետո», - հայտարարել էր նախարարը։

Նշենք, որ Վանաձորի թիվ 20 դպրոցում երեկ նոր տնօրենի նշանակման հետ կապված դասադուլ էր կազմակերպվել: Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթին մասնակցել էր նաև գործող փոխտնօրեն Մարիետա Հարությունյանը։ Բոլոր 11 թեկնածուներից ոչ մեկը չէր ստացել անհրաժեշտ հինգ ձայնը, և նրանցից մեկին՝ Կարինե Մարգարյանին մարզպետը փոխվարչապետի առաջարկությամբ նշանակել էր տնօրեն։

Լոռու մարզպետարանը տարածած հաղորդագրության մեջ տարակուսելի է համարել, որ «ինչ-որ մեկը փորձում է պաշտպանվել երեխաների միջոցով, բողոքի ալիք բարձրացնել»։ Հաղորդագրության մեջ նշված է. «Դասադուլը շարունակվելու դեպքում գործող փոխտնօրենը, ով ներկա պահին հանդիսանում է դասապրոցեսի անխափան ընթացքն ապահովող պատասխանատուն և միևնույն ժամանակ իր գործողություններով խաթարում է այն, օրենքով սահմանված կարգով կենթարկվի պատասխանատվության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG